Մատչելիության հղումներ

Անտառամեջի մոնղոլուհին


Հինգ տարի առաջ մոնղոլուհի Բայանդոլգոր Օյունչիմեգը դժվար ընտրության առջև էր՝ մեկնել ծննդավայր Ուլան Բատոր, թե մնալ Անտառամեջում։ Ասիայի ֆինանսական կենտրոնը, Մոնղոլիայի մայրաքաղաքը պարտվեց Գեղարքունիքի մարզում ծովի մակերևույթից 1575 մետր բարձրության վրա գտնվող ու ընդամենը 100-ից քիչ ավելի բնակիչ ունեցող գյուղին՝ Անտառամեջին. Բայանդոլգորը դարձավ անտառամեջցի Բայինա:

Ամուսնու՝ Հրահատ Երիցյանի հետ Ուլան Բատորում են ծանոթացել, այնտեղ են ծնվել նրանց երկու երեխաները` Արշակն ու Վարսիկը; Բայինան պատմում է, որ դեռ Մոնղոլիայում , ամուսնու պատմություններից հեռակա սիրել է Հայաստանը և երբ որոշել են տեղափոխվել, միայն ոգևորվել է. – «Մայիսին եկանք, Մոնղոլիայում ձյուն էր, այստեղ` կանաչ դրախտ»:

Հետո առաջացան անսպասելի խնդիրներ: Բայինան Ուլան Բատորում երգչուհի էր, բեմական հագուստով ծաղկեփնջեր ու պատվոգրեր էր ընդունում: Այստեղ նրան հողագործությունն ու անասնապահությունն էր սպասում:

Այս ոլորտում Բայինայի հաջողությունների մասին դեռ կպատմենք: 2015-ին սրտամկանի ինֆարկտից Բայինայի ամուսինը մահացավ, մնաց մեն-մենակ 10 ու 11 տարեկան երեխաների հետ, սոցիալական դժվարությամբ ու առանց որևէ փաստաթղթի, քանի որ ամուսնությունը չէին հասցրել գրանցել: Դեռ պետք է ապացուցեր, որ երեխաները հայ են, ինքն էլ ցանկանում է Հայաստանի քաղաքացի դառնալ, ընտանիքով մնալ այստեղ:

Բայինան ասում է, որ Մոնղոլիա վերադառնալու մասին չմտածեց, որովհետև երեխաներն արդեն հայերեն էին խոսում:

2016-ին Անկախության տոնից երկու օր առաջ նախ երեխաները, հետո էլ ինքը դարձան Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ:

Հարցինէ հա՞յ է, թե՞ մոնղոլուհի, Բայինան արձագանքում է, թե րոպեների հարց է. – «Առաջ ինձի որպես այլազգի ընդունում են, հետո ճամփում են որպես Հայաստանի քաղաքացի»:

Հայաստանի քաղաքացի դարձավ , զուգահեռ՝ գիշեր ցերեկ աշխատելով հաջողացրեց անտառի բոլոր բարիքները եկամուտ դարձնել , մեծացնել երեխաներին ու այս տարի երկուսին էլ Անտառամեջից իջեցրեց Դիլիջան ՝ կրթվելու , ճիշտ է երկու խոզ էլ «վարի գնացին, որպեսզի Վարսիկն ու Արշակը ըստ արժանվույն դասի գնան:

Արշակ Բայանդոլգոր. Մոնղոլիայի ավանդույթով ծնողի անունն է երեխայի ազգանունը դառնու: 15-ամյա Արշակն արդեն երկու շաբաթ է, ինչ Մոնթե Մելքոնյան ռազմամարզական վարժարանի սան է: Վստահ ասում է, որ զինվորական կրթությունը շարունակելու է, ինչպես այս վարժարանի սաների գերակշիռ մասը:

Երբ հայրիկը մահացավ, Վարսիկը 10 տարեկան էր. այդ ժամանակ էլ որոշեց՝ սրտաբան է դառնալու: Հիմա կամաց-կամաց շարժվում է դեպի նպատակակետ: Դիլիջանի բժշկական քոլեջի ուսանող է այս տարվանից . ընդունվել է լավ գնահատականներով, սովորելու է անվճար. - «Պապան ուզում էր, որ մենք լավ ապրեինք մեր հայկական միջավայրում: Դեմ չէր մոնղոլական միջավայրին, բայց էնպես, որ մենք հայկական լեզուն իմանանք, դաստիարակված երեխաներ լինենք, որ կարանանք մեզ պահենք»:

Ընդամենը 16 տարեկան է և արդեն մտածում է ինչպես անի, որ մայրիկը, որ 33 տարեկանից օրուգիշեր իրենց համար չարչարվում է, մի օր հանգստանա. – «Հեսա որ մեծանանք, նենց կանենք, որ ինքը վայելի իրա կյանքը: Մենք էլ մեր կյանքի մի մասը տանք մամային»:

Մինչև խոտհնձիչ ունենալը, Բայինան գերանդիով էր խոտի ձմեռվա պաշարը կուտակում: Այս տարի գործը տեխնիկան հեշտացրել է. 3 տոննայից ավելի խոտ է հնձել: Մի կով ունի, որ հունվարին կծնի, երկու խոզ և 10 օրական 11 գոճիներ, 9 հավ ու մի քանի տասնյակ ճտեր:

Հետագա պլաններն է կազմում. մտքում վաճառել է երկու խոզերին ու այդ փողով կեր գնել 11 գոճիների համար: Հետո սագերի համար պետք է արու բերի , այս ամենից առաջ կաղին հավաքելու ու փայտ բերելու սեզոնային գործերն են:
«Երեխաներս մի բանի տեր դառնան», - անընդհատ Վարսիկի ու Արշակի կրթության մասին է մտածում, իսկ իր երիտասարդության վայելքները հետաձգել է մոտ 40 տարով. – «Մինչև 80 ապրելու եմ, մինչև էրեխեքս լավ տեղավորեմ...»

«Ծննդավայր ժամանակավոր եմ գնալու», - ասում է Բայինան: Մինչև այդ հույս ունի, որ վարակն անցնի, Մոնղոլիայից սիրելի մորաքույրը կգա Անտառամեջ: Այնքան լավ բաներ է պատմել ՝ Անթոմուր մորքուրն անհամբեր է...

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG