Կորոնավիրուսի դեմ պայքարող գլխավոր հիվանդանոցներից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչում» վերջին երեք օրերի ընթացքում արդեն 54 հոգի ենթադրյալ սննդային թունավորման է ենթարկվել։ Նրանցից 8-ը կորոնավիրուսով վարակակիրներն են, մնացածը՝ բուժանձնակազմի ներկայացուցիչներ:
Բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանի փոխանցմամբ՝ վարակակիրներից երկուսը հղի են, մնացյալը տարբեր բաժանմունքներում գտնվող հիվանդներ են, այդ թվում՝ վերակենդանացման բաժանմունքի. - «Բոլորի վիճակը կայուն է, ինքնազգացողությունները նորմալ են, լավ են իրենց զգում բուժանձնակազմի ներկայացուցիչները, դա դեռևս երեկվա դրությամբ էր լավ, այսօր որևէ արտառոց վատացում չի գրանցվել»:
Ըստ բժշկական կենտրոնի ներկայացուցչի՝ երկու օր առաջ հիվանդանոցի սննդից օգտվելուց հետո հիվանդների ու բուժանձնակազմի մոտ սննդային թունավորման ախտանշաններ են նկատվել: Քաղաքացիները կերել են բանջարեղենով փլավ, միս և աղցան: Վարկած կա, թե հենց մսից է հիվանդների մոտ թունավորման սիմպտոմներ առաջացել. - «Հիմնականում փորլուծություն է եղել բոլոր էն մարդկանց մոտ, ովքեր որ օգտվել են սննդից, և նմանատիպ է իրենց մոտ դա դրսևորվել, այսինքն` թե պացիենտների, թե բուժանձնակազմի մոտ եղել են պարբերական ստամոքսի խանգարումներ հիշեցնող երևույթներ: Թե բուժանձնակազմը և թե պացիենտները սնվում են միևնույն կենտրոնից, միևնույն կետն է մեզ սպասարկում սննդով, ու օրական երեք անգամ է սնունդ հատկացվում: Առավոտյան են կերել` նախաճաշին են մասնակցել և ճաշ ու ընթրիք: Իսկ ինքնազգացողության վատացումը մոտավորապես առաջացել է է ճաշից հետո, և այդ մսի վարկածը առաջ են քաշում հենց ճաշի առումով, որովհետև այդ ժամանակ է ինչ-որ մսային կերակուր տրվել, որից հետո իրենք նշում են, որ դրանից հետո է ինքնազգացողությունը վատացել, այսինքն` մարդկանց վիճակը մինչև ընթրիքն է սկսել այդպիսին լինել: Այդ խանգարումները մինչև ընթրիքն են տեղի ունեցել, ու դրա համար հենց այդ մսի վարկածն են առաջ քաշում: Այս պահին որևէ հստակ բան, բնականաբար, չենք կարող ասել»:
Արդյոք սննդի թունավորում է եղել, թե ոչ, դեռևս հստակ չէ: Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ուսումնասիրություն են իրականացնում: ՍԱՏՄ-ից «Ազատությանը» փոխանցեցին` փորձանմուշներն ուղարկել են լաբորատոր փորձաքննության, արդյունքների մասին ավելի ուշ կտեղեկացնեն:Կորոնավիրոսով վարակված ամենամեծ թվով ծանր և առանձնապես ծանր վիճակում գտնվող անձինք գտնվում են հենց Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Այստեղ սննդի սպասարկումը մինչև երեկ իրականացնում էր «Արտ լանչ» ընկերությունը:
Այս դեպքից հետո բժշկական կենտրոնը փոխել է սնունդ մատակարարող ընկերությանը: Թեև այժմ փորձաքննություն է ընթանում, և արդյունքերը դեռ հայտնի չեն, «Արտ լանչ» ընկերության համահիմնադիր Բակուր Մելքոնյանը Ֆեյսբուքում գրել է, որ մի քանի պրոֆեսիոնալ բժիշկների հետ խորհրդակցելուց հետո հասկացել են, որ թունավորում չկա, այլ եղել է աղեստամոքսային խանգարում։ «Մեզ մոտ առկա են և համապատասխան մարմիններին տրամադրվել են մեր կողմից օգտագործված բոլոր սննդամթերքների ձեռքբերման փաստաթղթերը, այդ թվում` տեղական մսամթերքի սպանդանոցային ծագման բոլոր ձևերը և անհրաժեշտ սերտիֆիկատները», - գրել է սնունդ մատակարարող ընկերության համահիմնադիրն ու ընդգծել՝ պատրաստ է պատասխանատվություն կրել, եթե պարզվի, որ օրենքի խախտում է թույլ տվել կամ «մախինացիա» իրականացրել: