Մատչելիության հղումներ

Թումանյանի տուն-թանգարանը առցանց հարթակում հիշեցնում է անկախությանը վերաբերող նրա մտքերն ու ուղերձները


Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը Երևանում
Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը Երևանում

Դարեր շարունակ օտար լծի տակ կեղեքվող հայ ժողովուրդը երազել է ազատ ու անկախ Հայաստանի մասին: Այս մասին երազել ու գրել են մեր մեծերը և իհարկե Ամենայն հայոց բանաստեղծը՝ Հովհաննես Թումանյանը:

Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը «Ազատության» հետ զրույցում շեշտում է, որ մեր մեծագույն բանաստեղծը դեռ Առաջին Հանրապետության ստեղծման օրերից անընդմեջ պնդել է, որ անկախությունը ոչ միայն պետք է նվաճել, այլ նաև պինդ պահել:

Անի Եղիազարյան. – Հարյուրամյակներ առաջ մեր նախնիները մեծ ջանք ու ճիգ էին գործադրել, որպեսզի մենք ունենանք այս օրը: Ես շնորհավորում եմ բոլորիս:

«Ազատություն». – Իսկ ի՞նչ ծրագրեր է իրագործում թանգարանն այսօր:

Եղիազարյան. – Այս տարի համավարակով պայմանավորված բուն թանգարանի տարածքում ծրագրեր նախատեսված չեն: Բայց առցանց տիրույթում ամբողջ օրվա ընթացքում կլինեն թումանյանական այսպես ասած խոսքերի շղթաներ, թե ինչպիսի պիտի կրողը լինել անկախության գաղափարի, քանի որ Առաջին Հանրապետության ձևավորման ակունքներում կանգնած էր նաև Թումանյանը, որը ողջունեց իր ժողովրդի այդ մեծ քայլը` թերևս մի քիչ մտավախությամբ, թե մենք էդ շրջանում որքան ենք պատրաստ եղել ունենալու անկախություն: Որովհետև անկախություն ձեռք բերելը մեկ հարց է, դա պահպանելն ու զարգացնելը` մեկ այլ հարց: Եվ թումանյանական մտքերը, խոհերն են, որ այսօր ամբողջ օրվա ընթացքում առցանց հարթակում հասանելի կլինեն մարդկանց: Չենք կարող շրջանցել ամեն դեպքում մեծ մարգարեի շատ-շատ դրույթներ, որ ինքը ժամանակին ոնց որ կանխատեսել էր, և այսօր մենք էդ ճանապարհի մեջ ենք ու ընթանում ենք էդ ճանապարհով:

«Ազատություն». – Անկախության հետ կապված թումանյանական ուղերձը ի՞նչ է իր մեջ պարունակում:

Եղիազարյան. – Թումանյանի թերևս ամենամեծ մտավախությունը իրոք պատրաստ լինելու խնդիրն էր: Եթե դիտարկենք նախընթաց իր ամբողջ գործունեությունը, որ Թումանյանը կարծես նախապատրաստում էր անկախ պետականություն և պետություն ունեցող երկրի քաղաքացու կերտման գործընթացին, իր նախորդ` 1917-18 թվականի ամբողջ ջանքերը այդ ամենին էր ուղղված: Որպեսզի անկախության ձեռք բերման շրջանում ունենանք պատրաստ քաղաքացի, ով կրողը կլինի այդ ամեն ինչի: Էն կարևոր ինստիտուցիոնալ բաղադրիչներն են, կամ հայկական բանակի ձևավորման ամբողջ էդ խնդրի: Կարևորագույն ինստիտուցիոնալ կառույցներ, որոնք անկախ պետականության ձգտող երկրի և ժողովրդի համար հենասյուներ են հանդիսանում: Որ դրա ձեռք բերումից հետո դու նաև կարողանաս պաշտպանել: Եվ պատահական չէ, որ հենց էդ շրջանում Թումանյանը նաև կոչ էր հղում աշխարհի տարբեր անկյուններում ստեղծագործող, արարող հայ գիտնականներին ամենատարբեր բնագավառների, հատկապես պատմագիտական և հայագիտական ուղղություններով, որպեսզի նրանք վերադառնան: Բայց նաև նրանց համար պայմաններ ապահովվի, որպեսզի նրանք հայրենի երկրում շարունակեն իրենց հետազոտական, ուսումնասիրման և այլ աշխատանքները: Նաև համախմբման ու մայր հողի վրա կենտրոնացնելու մեծ գործն էր, որ Թումանյանը այդ շրջանում ժամանակ առ ժամանակ իր տարբեր ուղերձներում հնչեցնում էր:

«Ազատություն». – Այսինքն` Թումանյանի խոսքը կարող ենք դիտարկել արդիական, խիստ արդիական նույնիսկ մեր օրերում:

Եղիազարյան. – Այո: Թանգարանը ինչու որոշեց, որ ոչ թե որևէ համերգային ծրագրով կամ այլ միջոցառմամբ, այլ նորից Թումանյանին բերել մեր օրեր: Էնքան արդիական ու ակտուալ են իր հաղորդագրությունները, մեսիջները, որ ինքը տարիներ առաջ թողել է և նաև գործել: Ոչ միայն ուղղակի հնչեցրել, այլ նաև իր ամենօրյա ուղղորդված աշխատանքով բերել է դրան, որ միայն ձեռք բերելը չէ անկախության, այլ ավելի բարդ է դրա պահպանման և զարգացման խնդիրը: Եվ այդ կարևորագույն, անկյունաքարային հիմնասյուների ակունքները Թումանյանը դեռ իր կենդանության օրոք մեկնարկել էր: Հիմա էդ շինարարական գործը պիտի մենք շարունակենք, որ հետո համընդհանուր մի տանիք ունենանք և ապահով զգանք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG