Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 10:20-ին, «Շենգավիթ» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ հղիության 41-րդ շաբաթում բարդացած գինեկոլոգիական անամնեզ, բարդացած սոմատիկ անամնեզ, բարդացած մանկաբարձական անամնեզ և ծննդաբերության լատենտ փուլ ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված 30-ամյա կինը մահացել է, հայտնում է Քննչական կոմիտեն:
Ըստ տարածած հաղորդագրության, կնոջ մահվան վերաբերյալ հաղորդում է ստացվել նաև վերջինիս բարեկամից:
Ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 18-ին ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը) 2-րդ մասի հատկանիշներով։
Քրեական գործը, նախաքննություն կատարելու համար, ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին և ընդունվել վարույթ:
Կնոջ մահվան պատճառը պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն և կատարվում է նախաքննություն: