Վանաձորի գազաբալոնների գործարանը, որ 2 տարի առաջ մինչև 120 աշխատատեղի խոստում էր տվել, դեռևս որևէ արտադրանք վաճառքի չի հանել։ Օգոստոսի 27-ին վերսկսել է աշխատանքն ընդամենը 7 աշխատողով։
Գործարանի գործադիր տնօրեն Արայիկ Ասրյանը նշում է, որ հոկտեմբերին աշխատակիցների թիվը կարող են հասցնել մինչև 30-ի, չնայած հայ-իրանական համատեղ ձեռնարկության ճակատագիրը մշուշոտ է։ Ասրյանը խաբեբա է անվանում իր գործընկերոջը՝ գործարանը հիմնադրած իրանական «Ռադ Սանե Վաշամիր Գրուպի» 75 տոկոսի բաժնետեր Հուսեյն Յաղուբփուրին, ով ըստ նրա, խախտել է իրենց բոլոր պայմանավորվածություններն ու Հայաստան չի ուղարկել խոստացված հաստոցները։ Այսօր ոչ թե 2, այլ 15 մանրաթելային հաստոց պետք է աշխատեր այստեղ։ Ամսական պետք է արտադրեին ոչ թե 3000 պոլիմերակոմպոզիտային գազաբալոն, այլ՝ 3-5 անգամ ավելի, ասում է Արայիկ Ասրյանը։
«Այդ մարդը խաբեբա է, ախր ինքը մենակ Փաշինյանին չի խաբել է, Փաշինյանն էդ խաբվածների ամենափոքրն ա: Կարեն Կարապետյանը՝ մեր նախկին վարչապետը, որ կար, էդ խեղճ Կարապետյանին, հանդիպմանը ես էլ եմ եղել, տեսնեիք ինչեր էր խոսք տալիս», - նշեց տնօրենը:
Մինչդեռ Հայաստանում չկայացած բիզնեսի համար իրանցի Հուսեյն Յաղուբփուրը փոխադարձաբար իր հայ գործընկերոջն է մեղադրում։ Գործարարի պնդմամբ՝ Արայիկ Ասրյանը ֆինանսական խարդախություններից մինչև իրեն ուղղված սպառնալիքներով մեծ վնասներ է հասցրել ընկերությանը։ Ասում է՝ ընկերության իր մասնաբաժնի 10 տոկոսը Արայիկ Ասրյանի միջոցով վաճառքի է հանել, որից ստացված գումարներով պետք է հաստոցներ գնեին։
«Նա իմ բաժնեմասը վաճառել է և այդ գումարները սեփական կարիքների համար ծախսել ու հարստացել։ Ռուսաստանի առաջատար թաղամասերից մեկում տուն է գնել, նախկինում ունեցած պարտքերը մարել։ Իմ սեփական ավտոմեքենան վնասել։ Այդ ամենն իմ հաշվին։ Դա էր պատճառը, որ արտադրություն չեղավ։ Այս ամենն Արայիկի ձեռքի գործն է։ Եթե ես խաբեբա եմ, ինչպիսի՞ խաբեբա եմ, որ ես միշտ տուժում եմ, միշտ կորցնում, ոչ թե շահում։ Ինքն է խաբեբա ու խարդախ, որ վատնել է իմ փողերը։ Նա, ցավոք, կարծում եմ՝ հասել է իր նպատակին՝ ամբողջովին ինձ դուրս մղել այս բիզնեսից և ձևակերպել իր անունով», - նշեց Հուսեյն Յաղուբփուրը։
Գազաբալոնների գործարանի տնօրեն և համասեփականատեր Արայիկ Ասրյանն, իսկապես, անցած տարի Հայաստանում հիմնադրել է նոր ընկերություն, որի 100 տոկոս բաժնետերն է։ Բայց նշում է, թե այդ ընկերությունը հիմնել է ոչ թե բիզնեսը իրանցի գործընկերոջ ձեռքից առնելու, այլ Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցներից ու անպատասխանատու գործընկերոջ խաբեբայություններից խուսափելու համար։
«Ես խնդրում եմ իրան, մի տարի է ասում եմ՝ արի նստենք, խոսենք, եթե դու չես կարողանում, նստենք նորմալ կամ իրարից բաժանվենք, կամ էլ դրան երկրորդ ճանապարհ կա, մի հատ որոշենք՝ ով ով է», - ասաց Ասրյանը:
Մինչդեռ Իրանում և Թուրքիայում նմանատիպ գործարաններ ունեցող Հուսեյն Յաղուբփուրն ասում է՝ Արայիկ Ասրյանը փոշիացրել է Վանաձորում իր կողմից արված մոտ 8 միլիոն դոլարի ներդրումը։ Պնդում է, թե իրեն ու Հայաստանում ուսանող որդուն սպառնացել ու պահանջել է ոտք չդնել Հայաստան։
«Հայաստանն այլևս ինձ համար անվտանգ երկիր չէ։ Եթե ինձ չհաջողվի բողոք ներկայացնել Հայաստանի կառավարությանը, ես դա կանեմ Հայաստանում Իրանի դեսպանատան միջոցով։ Հայաստանի կառավարությունը պետք է լուրջ միջոցներ ձեռնարկի՝ պարզելու իրողությունը, հակառակ դեպքում եթե այսպես շարունակվի, որևէ իրանցի գործարար Հայաստանում որևէ ներդրում չի անի, գործ չի սկսի», - ընդգծեց իրանցի գործարարը:
2018 թվականի դեկտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ էր եղել գործարանի տարածքում, որտեղ երկու համասեփականատերերն էլ հավաստիացրել էին, որ մեծ ապագա է ունենալու Հայաստանում առաջին անգամ հիմնադրվող նոր սերնդի անվտանգ ու թեթև գազաբալոնների արտադրությունը։ Նշել էին, թե նախատեսում են օրական մինչև 800 հատ բալոն արտադրել, որի 95 տոկոսը կարտահանվի, բայց միաժամանակ պատրաստակամություն էին հայտնել, թե կապահովեն հայաստանյան պահանջարկն ամբողջությամբ։
Փաշինյանը հայտնել էր, որ կառավարությունը պատրաստ է լիովին աջակցել ներկայացված բոլոր նախաձեռնությունների իրագործմանը։ Երկու տարվա գործունեության արդյունքում դեռևս որևէ գազաբալոն չիրացրած գործարանի երկու համասեփականատերերն էլ իրար մեղադրելով խարդախության մեջ, նշում են, որ ցանկանում են հայց ներկայացնել դատարան։