Մատչելիության հղումներ

Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար


Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար, հայտնում է Քննչական կոմիտեն:

Ըստ տարածած հաղորդագրության, ձեռք բերված տվյալների համաձայն՝ օգոստոսի 8-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, Վլադիմիր Գասպարյանը, գտնվելով Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի Դրախտիկ գյուղում գտնվող, իր ընտանիքին պատկանող առանձնատանը, նկատել է, որ առանձնատան տարածքը նկարահանվում է անօդաչու թռչող սարքի միջոցով և սարքի շահագործողներին պարզելու նպատակով իրեն պատկանող կվադրոցիկլով շարժվել է անօդաչու թռչող սարքի հետագծով: Նկատելով նկարահանումներ իրականացնող «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Ռոբերտ Զարգարյանին և նրա նկարահանող խմբին՝ Վ.Գասպարյանը հայհոյանքներ և կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ է հնչեցրել նրանց հասցեին: Տեղեկանալով, որ վերջիններս իրականացնում են իրենց մասնագիտական գործունեությունը և ռեպորտաժ են պատրաստում Սևանա լճի ավազանում գտնվող ապօրինի շինությունների վերաբերյալ՝ պահանջել է դադարեցնել այն և շարունակելով հայհոյանքներ հնչեցնել՝ հոգեբանական ճնշումներ է գործադրել լրագրողների նկատմամբ՝ հարկադրելով ջնջել տեսագրությունը և հրաժարվել այն տարածելուց, ինչից հետո, համոզվելով, որ տեսագրությունը ջնջված է, հեռացել է նշված վայրից:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:

XS
SM
MD
LG