Մատչելիության հղումներ

Բայդեն․ «Պատվաստանյութի ստեղծման հարցը չպետք է քաղաքականացվի»


Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման ժամկետները նոյեմբերի 3-ին կայանալիք նախագահական ընտրություններից մոտ յոթ շաբաթ առաջ դառնում են ամերիկյան քարոզարշավի առանցքային թեմաներից մեկը։ Այս խնդիրը կրկին հրատապ դարձավ չորեքշաբթի օրը Կապիտոլիումում կայացած լսումներից հետո, որոնց ընթացքում Միացյալ Նահանգների գլխավոր հակահամաճարակային կառույցի՝ Հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավար Ռոբերտ Ռեդֆիլդը հերքեց Սպիտակ տնից հնչող այն պնդումները, թե կորոնավիրուսի պատվաստանյութի առաջին մեծ խմբաքանակը պատրաստ կլինի մինչև տարեվերջ։

«Ես կարծում եմ, որ պատվաստանյութը, սահմանափակ քանակությամբ, իհարկե, հասանելի կլինի նոյեմբերի և դեկտեմբերի միջակայքում։ Դա նշանակում է, որ մենք պետք է նախ որոշենք մարդկանց այն շրջանակը, որ առաջինն է պատվաստվելու։ Ինչ վերաբերում է, թե երբ է պատվաստանյութը հասանելի լինելու ամերիկյան լայն հանրությանը, երբ մենք կկարողանանք այդ պատվաստանյութի շնորհիվ վերադառնալ բնական կյանքի, ապա ես կնշեի 2021 թվականի երկրորդ եռամսյակի ավարտը և երրորդ եռամսյակը», - հայտարարել է Հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավարը։

Ռոբերտ Ռեդֆիլդի այս հայտարարությունից մի քանի ժամ չանցած Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ընթացքում հանդես եկավ տրամագծորեն հակառակ մի հայտարարությամբ՝ կորոնավիրուսի պատվաստումների միանգամայն այլ ժամկետներ նշելով։

«Կարծում եմ, որ Ռեդֆիլդը սխալվել է, երբ նման բան է հայտարարել։ Դա սխալ տեղեկատվություն է։ Ես նրան զանգահարել եմ, սակայն որևէ նման բան նա ինձ չի ասել։ Կրկնում եմ՝ մենք պատրաստ ենք պատվաստումները սկսել այն պահին, երբ պաշտոնապես հայտարարվի պատվաստանյութի պատրաստ լինելու մասին։ Դա կարող է տեղի ունենալ հոկտեմբերին կամ էլ հոկտեմբերից մի փոքր ավելի ուշ», - ասել է Թրամփը։

Դոնալդ Թրամփի քաղաքական հակառակորդները, սակայն, վստահ են՝ Սպիտակ տան ղեկավարը փորձում է պատվաստանյութի ստեղծման ժամկետները հարմարեցնել իր քարոզարշավի կարիքներին։ Դեմոկրատները ենթադրում են, որ Թրամփը դեմ չէր լինի, եթե կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումները ավարտին հասցվեին մինչև նոյեմբերի 3-ը՝ ինչը հնարավոր կլիներ որպես գործող վարչակազմի հաջողություն ներկայացնել։

«Գիտական ձեռքբերումները օրացույցով չեն առաջնորդվում, ոչ էլ վիրուսն է դա անում։ Դրանք առավել ևս չեն առաջնորդվում ընտրությունների ժամանակացույցով։ Պատվաստանյութի ստեղծման ժամկետները, դրա պաշտոնական հաստատումն ու առաքումը չպետք է քաղաքական նպատակահարմարության առարկա դառնան։ Միակ գործոնները, որ կարող են ազդել այդ ամենի վրա, գիտությունն ու անվտանգությունն են։ Պատվաստանյութը թույլ կտա մեզ վերադառնալ նախկին բնականոն կյանքին՝ թե՛ Միացյալ Նահանգներում և թե՛ ողջ աշխարհում։ Երբ պատվաստանյութը պատրաստ լինի, ամիսներ կպահանջվեն ողջ բնակչությանը դրանով ապահովելու համար։ Հույս ունեմ, որ գիտության հզորության շնորհիվ մենք կհասնենք դրան։ Մեկ բան, սակայն, շատ հստակ է՝ պատվաստանյութի խնդրի քաղաքականացումն անթույլատրելի է», - հայտարարել է նախագահության դեմոկրատ թեկնածու Ջոզեֆ Բայդենը, որն ի դեպ, վերջին հարցումների համաձայն, հաղթանակի ավելի քան իրական շանսեր ունի։

Երեկ հրապարակված հարցման համաձայն՝ Բայդենի վարկանիշը 9 կետով բարձր է Դոնալդ Թրամփինից։ Reuters գործակալության և IPSOS սոցիոլոգիական ծառայության կողմից սեպտեմբերի 11-ից 15-ը անցկացված համատեղ հետազոտության համաձայն՝ գործող նախագահի օգտին պատրաստ է քվեարկել ամերիկացի ընտրողների 41 իսկ Ջոզեֆ Բայդենի օգտին՝ 50 տոկոսը։

Այսօր՝ ընտրություններից հաշված շաբաթներ առաջ, ակնհայտ է, որ դեմոկրատների մարտավարության հիմքում դրված է Դոնալդ Թրամփի կողմից կորոնավիրուսի համաճարակի ընթացքում թույլ տված սխալների կոշտ քննադատությունը՝ սխալներ, որոնք, ըստ նախագահի ընդդիմախոսների, տասնյակ հազարավոր մարդկանց կյանք են արժեցել։

«Ամերիկացիները արդեն իսկ մեծապես տուժել են անհատական պաշտպանիչ միջոցներին և թեստավորմանը վերաբերող հարցերում նախագահ Թրամփի կողմից ցուցաբերված ոչ կոմպետենտության և անազնվության պատճառով», - չորեքշաբթի օրը Դելավեր նահանգում հնչեցրած ելույթում ասել է Բայդենը։

Այդ նույն ժամերին Վաշինգտոնում, կոնգրեսականների հետ զրույցի ընթացքում անհատական պաշտպանիչ միջոցների՝ ավելի հստակ, դիմակների մասին ուշագրավ հայտարարություններով էր հանդես գալիս Հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավար Ռոբերտ Ռեդֆիլդը։

«Պաշտպանիչ այս դիմակները հանրային առողջության ամենակարևոր, ամենահզոր գործիքներից մեկն են։ Հստակ գիտական ապացույցներ են առկա, որ հենց այս դիմակներն են [վիրուսից] պաշտպանության լավագույն միջոցները։ Ես նույնիսկ ավելի հեռուն կգնայի և կասեի, որ այս դիմակները COVID-ից պաշտպանության հարցում ավելի արդյունավետ են նույնիսկ, քան պատվաստանյութը։ Որովհետև պատվաստանյութի միջոցով իմունիտետի ձևավորման հավանականությունը 70 տոկոս է։ Եթե պատվաստման արդյունքում իմունիտետ չի ձևավորվում, պատվաստանյութը ինձ չի պաշտպանի, իսկ դիմակը՝ կպաշտպանի», - նշել է Միացյալ Նահանգների Հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավարը։

Այս հայտարարությունից մի քանի ժամ անց, մամուլում և սոցիալական ցանցերում բարձրացած աղմուկից հետո, Ռոբերտ Ռեդֆիլդը ստիպված էր որոշակիորեն շտկել իր մոտեցումը՝ նշելով, թե չի թերագնահատում այս պահին մշակվող պատվաստանյութերի նշանակությունը։

«Ես 100 տոկոսով հավատում եմ պատվաստանյութերի՝ մասնավորապես Covid 19-ի պատվաստանյութի կարևորությանը։ Covid 19-ի պատվաստանյութը թույլ կտա ամերիկացիներին վերադառնալ բնականոն ամենօրյա կյանքի», - Twitter-ի իր օգտահաշվում գրել է Ռեդֆիլդը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG