Ադրբեջանի զինված ուժերի սադրանքի հետևանքով պայմանագրային զինծառայող է զոհվել, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:
Ըստ ՊՆ-ի` վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը ցուցաբերել է ակտիվություն և փորձել ձեռնարկել ամրաշինական աշխատանքներ՝ նպաստելով առաջնագծում լարվածության աճին: «Հակառակորդի ակտիվությունը ճնշելու և հետագա սրացումները կանխելու նպատակով ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները ստիպված են եղել ձեռնարկել համապատասխան գործողություններ:
Հակառակորդի հերթական սադրանքի հետևանքով սեպտեմբերի 16-ին հյուսիսարևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում մահացու հրազենային և բեկորային վնասվածքներ է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Հովիկ Նելսոնի Թամազյանը», - ասված է հաղորդագրության մեջ։
Նույն աղբյուրի փոխանցմամբ` դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
«Ստեղծված իրավիճակի և սահմանային լարվածության աճի ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը», - հայտարարում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը: