Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է Թովուզի շրջանում հայ-ադրբեջանական պետական սահմանին վիրավորված զինծառայողի մասին:
Ըստ պաշտոնական աղբյուրի՝ միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի օրը, «ենթասպա Ալիև Ռենատ Էլդար օղլին վիրավորվել է հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի կոպիտ խախտման հետևանքով»:
Նախօրեին Հայաստանի պաշտպանական գերատեսչության մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր, որ ադրբեջանական կողմը փորձում է ամրաշինական նոր աշխատանքներ ծավալել:
«Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կասեցնում են նման փորձերը` միաժամանակ ձեռնարկելով համապատասխան միջոցներ հետագա սրացումները կանխելու համար: Այս պահին սահմանի իրավիճակը կայուն վերահսկելի է», - երկուշաբթի օրը հայտարարել է Հայաստանի ՊՆ խոսնակը: