Առողջապահության նախարարի հրամանով՝ կարանտինի ընթացքում փակ և բաց տարածքներում դիմակ դնելը շարունակելու է պարտադիր մնալ որոշ բացառություններով։ Օրինակ՝ փակ տարածքներում, դիմակ կրելը պարտադիր չէ մինչև 5 տարեկան երեխաների, ինչպես նաև անձնական ավտոմեքենայով երթևեկողների համար: Իսկ բաց տարածքում դիմակ կարող են չդնել կրկին մինչև հինգ տարեկան երեխաները, Հայաստանի նախագահի, վարչապետի, Ամենայն Հայոց կաթողիկոսի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ ելույթ ունեցողներն ու միջոցառման անմիջական մասնակիցները:
Ինչպես արտակարգ դրության ընթացքում, այնպես էլ այժմ դիմակ կարող են չդնել քրոնիկ շնչառական հիվանդություններ ունեցողները, եթե ունեն բժշկական փաստաթուղթ, սպորտով զբաղվողները, լողափերում, սարերում, անտառներում և նմանատիպ բացօթյա տարածքներում հանգստացողները, սակայն ոչ՝ զբոսայգիներում, քաղաքային պուրակներում, բուսաբանական և կենդանաբանական այգիներում, ինչպես նաև ուխտագնացության ժամանակ։ Տաղավարում մենակ գտնվող հեռուստահաղորդավարները ևս շարունակում են դիմակ չկրել։
երեկ Կառավարության որոշմամբ, Հայաստանի ողջ տարածքում մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ կարանտին սահմանվեց, որը փոխարինեց մինչև այժմ գործող արտակարգ դրության ռեժիմին։ Պարետատունը որպես այդպիսին այլևս չի գործելու, լիազոր մարմինը Առողջապահության նախարարությունն է։ Կառավարությունը կարանտինի որոշումը ընդունել է հենց այս գերատեսչության ներկայացրած առաջարկի հիման վրա։ 4-ամսյա կարանտինով պահպանվում են գրեթե բոլոր հակահամաճարակային կանոնները։
Արտակարգ դրությունը փոխարինելով կարանտինային ռեժիմով շատ ավելի խիստ սահմանափակումներ են կիրառվում, կարծում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը. - «Նկատի ունենալով նաև տուգանքները, որոնցից որոշների դեպքերում տուգանքները հասնում են մինչև 500 հազար: Մենք ասել ենք, սա իմ միանշանակ պնդումն է՝ ահա այսպիսի խիստ սահմանափակումներ դնելով իշխանությունը փորձում է ողջ պատասխանատվությունը իր ապաշնորհ կառավարման արդյունքի, որ կարանտինի դեմ պայքարն իրենք տոտալ տապալել են, գցել ժողովրդի վրա: Այսինքն գնդակը իրենք ուղարկում են ժողովրդի դաշտ, ժողովրդին ասում են՝ կանես սա, կանես սա, այս սահմանափակումը, այլապես կտուգանվես ահա այսպիսի թվերով: Իրենք իրենց ձեռքերը լվացել են»:
Զոհրաբյանը չի բացառում, որ հետագայում ևս 6 ամսով կարանտինը կերկարաձգվի, ինչի հնարավորությունը օրենքով կա:
«Եթե իրենք դեռ մնան իշխանության, ևս վեց ամիս կերկարաձգեն: Կարանտինը ես համարում եմ շատ ավելի խիստ ռեժիմ, քան արտակարգ դրությունն էր», - նշեց Զոհրաբյանը:
Կարանտինի ընթացքում Հայաստանի օդային սահմանները բացվում են, ցամաքայինի դեպքում սահմափակումները պահվում են։ Հավաքների անցկացումը նույնպես թույլատրելի է անհատական պաշտպանության միջոցների կիրառման և մարդկանց միջև նվազագույնը 1,5 մետր հեռավորության պահպանման դեպքում: Հանրային միջոցառումներին նախկին 40-ի փոխարեն, այժմ 60 հոգի կարող է մասնակցել։ Կարանտինի ընթացքում այլևս չեն գործի էլեկտրոնային հսկողության համակարգի միջոցով մարդկանց տեղորոշման համակարգը։
Կառվարությունը ունքը սարքելու փոխարեն, աչքն էլ հանեց, անդրադառնալով նոր ռեժիմին, պնդում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը. «Այլևս Ազգային ժողով չի գալու ամիսը մեկ կառավարությունը, որպեսզի Ազգային ժողովում քննարկման գոնե ներկայացնի այն սահմանափակումները, որոնք պատրաստվում են ներդնել: Շատ լուրջ խնդիր է առաջանում նաև մարդկանց անձնական տվյալների հարցը, որովհետև հնարավորություն է տրվում մարզպետներին և գյուղապետներին մարդկանց անձնական տվյալներին ծանոթանալու, տեղեկանալու առանց բավարար այդ հիմքն ունենալու: Հիմա Հայաստանի անվան դիմաց արտակարգ դրության փոխարեն մնալու է գրված կարանտին, որը ոչ այնքան բարեհունչ է և վստահաբար նույն այն արտաքին խնդիրները, որ մենք ունեինք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին չէին թողնում տարբեր երկրներ մուտք գործել, նույն կերպ շարունակվելու է, որևէ դրական տեղաշարժ չի լինելու»:
Համավարակը շարունակվում է, ամեն օր մոտ 200 մարդ է վարակվում, գրանցվում են մահեր, պետք է զգուշավորություն պահպանել։ Չենք կարող ասել, թե վարակվածների թիվը նվազում է, պետք է վերացնել սահմանափակումները, անդրադառնալով ընդդիմադիրների քննադատությանն, ասում է իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը, նշելով՝ իրենք ընտրել են ոսկե միջինը:
«Հաշվի առնելով, որ քաղաքացիների շրջանում կար դժգոհություն, հաշվի առնելով, որ հոգեբանորեն դժվար է արտակարգ դրության պայմաններում երկար ժամանակ ապրել, հաշվի առնելով, որ կարող էին լինել ժողովրդավարության և մարդու իրավունքների վերաբերյալ որոշակի հարցադրումներ, որոշվեց արտակարգ դրության ռեժիմը վերացնել և անցնել մեկ այլ ռեժիմի, որն ավելի մեծ ազատություն է տալիս թե՛ քաղաքացիներին, թե՛ կառավարությանը, բայց միևնույն ժամանակ հնարավորություն է տալիս շարունակել պայքարը համավարակի դեմ: Կարծում եմ՝ սա ամենաճիշտ տարբերակն է, օպտիմալ փոխզիջումն է՝ մի կողմից քաղաքացիների կյանքի կոնֆորտի և մյուս կողմից քաղաքացիների կյանքի և անվտանգության միջև: Այդ երկու արժեքների միջև պետք էր ոսկե միջին գտնել, և մենք ձ ենք այդ ոսկե միջինը գտնել: Եթե ինչ-որ կոնկրետ առաջարկներ կան, իհարկե, կարելի է դրանք քննարկել և ընդունել, բայց ես տպավորություն ունեմ, որ ընդդիմությունն ուղղակի ցանկացած բան, որը գալիս է կառավարությունից, ի սկզբանե մերժողական վերաբերմունք է ցուցաբերում», - ասաց Զոլյանը: