Հայաստանի ազգային արխիվի տնօրենի լիազորություններն այսօրվանից դրվել են արխիվի փոխտնօրեն Կարեն Խտրյանի վրա:
Ազգային արխիվի արդեն նախկին տնօրենը իրերը հավաքել-ավարտել է, սպասում է պաշտոնակատարին։ Ամատունի Վիրաբյանն այստեղ է 24 տարեկանից, վերջին 19 տարին տնօրենի պաշտոնում էր: Այն, որ այլևս տնօրեն չէ, տեղեկացավ սեպտեմբերի 8-ին. ազատվել է Արդարադատության նախարարի հրամանով:
խնդիրները, ասում է, ծագեցին մեկ ամիս առաջ, ինքը հրավիրվեց նախարարություն. – «Առաջարկել են, որ նախարարը չի վստահում, և խնդրում եմ դիմում գրել, գնալ: Ես բացատրել եմ. եթե ես դիմում գրեմ, նշանակում է, որ ինչ-որ խնդիրներ ունեմ և դիմում եմ գրում, որ այդ խնդիրները ջրի երես դուրս չգան»:
Արխիվում ստուգումները վերջին տարիներին չեն դադարել ու հիմա էլ շարունակվում են։ Դեռ երկու տարի առաջ Պետեկամուտների կոմիտեն մեկ ընդհանուր ակտով շուրջ 742 միլիոնի չկատարված հարկային պարտավորության ակտ է գրել՝ ավելացված արժեքի հարկ և շահութահարկ։
Ըստ արխիվի գլխավոր հաշվապահ Վահանգ Աբիսողոմյանի, այդ պարտավորություններն առաջացել էին այն պատճառով, որ բյուջեից ՊՈԱԿ-ներին ավելացված արժեքի հարկի գումար չի հատկացվել, խնդիրը եղել է բոլոր ՊՈԱԿ-ներում և հարցը լուծվել է նրանով, որ Կառավարությունը պահուստային ֆոնդից հատկացրել է գումարն ու փակվել են հարկերը. – «Ֆինանսների նախարարությունը մեզ հատկացրել է գումար, որով մենք էս հարկային պարտավորությունները մարենք»:
Արդարադատության նախարարությունից ասում են, որ արխիվի տնօրենն աշխատանքից ազատվել է հաշվապահական խախտումների պատճառով:
Նախարարության մամլո քարտուղար Լուսինե Մարտիրոսյան. – «Արխիվ ՊՈԱԿ-ի դեպքում արձանագրվել է նաև շահութահարկի գծով պարտավորություն և ստուգման ակտով հստակ արձանագրվել է, որ, ի թիվս այլ խախտումների, խախտվել է նաև «Շահութահարկի մասին» օրենքի 10-րդ հոդվածի առաջին մասը և նույն հոդվածի երկրորդ մասի «Դ» ենթակետը, որոնց հետևանքով շահութահարկի գծով առաջադրվել է 21 միլիոն 369 հազար 151 դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն»:
«21 միլիոն շահութահարկի համար պետք է խոշոր բանկին հավասար շահույթ ունենայինք», - ապշում է Վիրաբյանը: - «Մենք չենք ունեցել շահույթ: Այդ շահութահարկ 21 միլիոնը առաջացել է ավելացված արժեքի հարկի եկամուտները պակասեցնելու, ավելացնելու արդյունքում, որի մասին, եթե ցանկանում եք, բացատրություն կտա մեր գլխավոր հաշվապահը»:
Վիրաբյանը հարցնում է՝ եթե ինքն է թերացել , ինչո՞ւ է Կառավարությունը տվել այդ գումարը. – «Եթե իմ մեղքով լիներ, ինչպե՞ս կտային ինձ»:
Գլխավոր հաշվապահ Աբիսողոմյանը տեղը չի գտնում, չգիտի ում հարցեր տա. – «Լավ, մեկը չկա՞ ինձ լսի: Թղթակիցը չպետք ա ինձ լսի, ինձ պետք ա լսի համապատասխան պաշտոնյան, որը նստած ա Արդարադատության նախարարությունում»:
Ասում է` 3,5 տարվա իր գործունեությունը ՊԵԿ-ը ստուգել ու ընդամենը 423 հազար դրամն է հաշվապահական խախտում համարվել:
Կառավարության ամփոփաթերթում հենց այդ 423 հազար դրամն է ֆիքսված որպես պարտավորություն, շուրջ 740 միլիոնը տրամադրվել է արխիվին, ընդ որում ՝ Արդարադատության նախարարության «չեմ առարկում» գրառումն էլ կա:
Վահագն Աբիսողոմյան. – «Լավ, մենք անխելք ենք, Ֆինանսների նախարարությունում մարդիկ սա չե՞ն հասկացել»:
Ազգային արխիվում հնչող հարցերին Արդարադատության նախարարությունից արձագանքում են մեկ ընդհանուր նախադասությամբ. – «Պետական եկամուտների կոմիտեի կողմից նախապատրաստվել էին նյութեր Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, սակայն քրեական գործի հարուցումը 2019 թվականի մայիսի 24-ին մերժվել է, քանի որ պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ հատուցվել է» (ԱՆխոսնակ Լուսինե Մարտիրոսյան):
Նախարարությունից այլ պարզաբանումներ չեն տալիս, իսկ արխիվում ցանկանում են պարզաբանումներ ստանալ: Ամատունի Վիրաբյանն ասաց, որ երկուշաբթի հայց է ներկայացնելու դատարան ու չի կասկածում, որ հաղթելու է:
Հայաստանի ազգային արխիվը տարեկան 55 հազար քաղաքացու է սպասարկում ՝ ստաժի, հողահատկացման, կրթության վերաբերյալ հազարավոր հարցումներ են ստանում: Այստեղ 350 միլիոն փաստաթուղթ է պահվում ՝ սկսած 1830-ականներից:
Վիրաբյանը իր գործունենության ընթացքում սխալներ հավանական է համարում, բայց կեղծիքն ու կոռուպցիան բացառում է. – «Դրա համար եմ վստահ: Այլապես դիմում կգրեի, ու էս աղմուկ-աղաղակը չէր լինի»:
Նոյեմբերին Վիրաբյանի աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանում է: Նա ասում է, որ պատրաստվում էր հեռանալ:
Արխիվի աշխատակիցները կարծում են, որ հարկային պարտավորությունների չկատարման այս պատմությունը ստվեր է գցում արխիվի գործունեության վրա: «Մի՞թե հնարավոր չէր մարդուն պատվով ու շնորհքով ճանապարհել», - զայրանում է արխիվի փոխտնօրեն Սոնյա Միրզոյանը: - «Ինքը եկել էր, արդեն հավաքում էր: Ասացինք` ինչո՞ւ պիտի դիմում գրես... Թե ասում են` մենք քո հետ չենք կարողանում աշխատենք: Ո՞նց թե... քսան տարի մարդը աշխատել ա, բոլորի հետ կարողացել է, հիմա հանկարծ չե՞ն կարողանում...»
Արխիվի աշխատակիցները նախարարի հրամանն անհիմն են համարում, նրանց թվում` տնօրենի պաշտոնակատարը:
Ամատունի Վիրաբյանը պատմական գիտությունների դոկտոր է, Մանկավարժական համալսարանում ամբիոնի վարիչ: Ասաց, որ երկուշաբթի օրվանից կանցնի բուհական գործին,իսկ ազգային արխիվ կվերադառնա որպես ուսումնասիրող ընթերցասրահում։