Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի հետ փոխկապակցված հաքերները փորձում են ազդել առաջիկա նոյեմբերին Միացյալ Նահանգներում կայանալիք նախագահական ընտրությունների վրա, զգուշացնում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ընկերություններից մեկը՝ «Մայքրոսոֆթ»-ը։
«Թիրախում են թե՛ դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը, թե՛ գործող նախագահ Դոնալդ Թրամփը», - երեկ հայտարարել է համաշխարհային կորպորացիան։
Ըստ «Մայքրոսոֆթ»-ի, Չինաստանի ու Իրանի հաքերային հարձակումները հաջողությամբ չեն ավարտվել, Ռուսաստանից ուղղորդվող փորձերի մասին, մինչդեռ, ընկերությունը մանրամասներ չի հրապարակում։
Երկու թեկնածուների նախընտրական շտաբները հայտարարել են, որ տեղյակ են եղել հարձակումներից, և ընկերության հաղորդագրությունն իրենց համար անակնկալ չի եղել։
Մոսկվան վերստին հերքում է մեղադրանքները: «Ամերիկացիները այսպես կոչված «միջամտության» թեման քննարկում են արդեն մի քանի տարի՝ առանց փաստացի ապացույցներ ներկայացնելու», - հայտարարել է Միացյալ Նահանգներում Ռուսաստսնի դեսպանատունը։
Չինաստանի դեսպանատունն ու Իրանի առաքելությունը դեռ չեն արձագանքել, հաղորդում է «Ռոյթերզ» գործակալությունը։