Հագուստ ներկրող տնտեսվարողներն արդեն մի քանի օր է բողոքում են ապրանքների մաքսազերծման ընթացակարգի փոփոխության դեմ:
Եվրասիական տնտեսական միության կարգավորումներով՝ Հայաստանում այսուհետ հագուստը կմաքսազերծվի ոչ թե կիլոգրամով, այլ՝ քանակով: Եթե նախկինում, օրինակ, Թուրքիայից ներկրված հագուստի մեկ կիլոգրամի համար էին վճարում, ապա այժմ պետք է վճարել բոլոր կտորների համար առանձին:
«Գնային փոփոխություն ա տեղի ունենում, կոնկրետ դա ա մեր խնդիրը», - «Ազատության» հետ զրույցում ասաց տվյալ ոլորտում աշխատող Գրիգոր Ազատյանը, որը բողոքի ակցիաների ամենաակտիվ մասնակիցներից է:
Նրա խոսքով՝ փոփոխություններով մաքսազերծման վճարներն ընդհանուր առմամբ ավելանում են շուրջ մեկուկեսից երկու անգամ: «Ջինսի պարագայում թանկանում էր մեկուկես անգամ՝ կոնկրետ ֆիքսված երեկվա արժեքներով», - նշեց Ազատյանը:
Առևտրականները երկու օր առաջ հանդիպել են Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Շուշան Ներսիսյանին: Բողոքավորներին ասել են՝ հին կարգով շարունակել այլևս չեն կարող:
Նոր ընթացակարգին անցնելուց առաջ ՊԵԿ-ը տնտեսվարողներին ժամանակ էր տվել, որն էլ ավարտվել է:
«Մենք էլ, նու, ոչ բոլորը, ժողովուրդը էդ թանկացմանը չի կարում հարմարվի: Մենք ուզում ենք, որ մնա նախկինը: Ու չենք էլ ասում՝ չլինի էդ օրենքը, թող լինի, բայց ժամանակ կա դեռ դրան», - ընդգծեց Ազատյանը:
Նրա խոսքով՝ կորոնավիրուսի և դրա հետ կապված սահմանափակումների պայմաններում այս փոփոխությունը կիրառել պետք չէր. - «Դեռ էս պահը չէր, որ դա ընդունվեր»:
Ակցիայի մասնակիցներին երեկ կառավարությունում ընդունել ու լսել են: Գրիգոր Ազատյանն «Ազատությանը» հայտնեց, որ առաջիկա օրերին պատասխանի են սպասում. պահանջում են գոնե դեռ մեկ տարի աշխատել նախկին կարգավորումներով: