Մատչելիության հղումներ

Նախագահը ստորագրել է արտակարգ դրությանը փոխարինելու կոչված օրենսդրական փոփոխությունների փաթեթը


Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքները և հարակից 5 օրենքները:

Նախագահի աշխատակազմից միաժամանակ հայտնում են, որ Արմեն Սարգսյանը կարևոր է համարում բնակչության պաշտպանության և սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման նպատակով օրենքների ընդունմամբ առաջարկվող նոր կարգավորումները, ինչպես նաև ընդգծում է նոր կարգավորումների բարեխիղճ և բարձր պատասխանատվությամբ կիրառման անհրաժեշտությունը:

«Օրենքների կիրարկման ընթացքում պետք է երաշխավորվեն յուրաքանչյուր անձի անձնական տվյալների, ներառյալ բժշկական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների, արդյունավետ պաշտպանության իրավունքը և դրա իրացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերի և ընթացակարգերի սահմանումը, անձի տեղեկատվություն փնտրելու և ստանալու, հավաքների կազմակերպման սահմանադրական իրավունքների անհամաչափ սահմանափակման բացառումը, յուրաքանչյուր անձի իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը:

Օրենքներով նախատեսված միջոցառումները պետք է իրականացվեն համաչափ և հստակ. այդ նպատակով առաջարկում ենք, անհրաժեշտության դեպքում, ընդունել լրացուցիչ օրենսդրական և ենթաօրենսդրական իրավակարգավորումներ», - ասված է նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ըստ նախագծի, վարակիչ հիվանդությունների հետևանքով արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքերում երկրում կարող է սահմանվել կարանտին: Նման լիազորություն ունի կառավարությունը, ինչպես նաև մարզպետը կամ Երևանի քաղաքապետը` Առողջապահության նախարարության առաջարկությամբ։ Կարանտինի հայտարարումը լիազոր մարմնին մի շարք խիստ սահմանափակումներ մտցնելու հնարավորություն է տալիս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG