Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 174-ով՝ հասնելով 45 հազար 326-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 1 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 210-ով և հասել 41 հազար 233-ի:
Ըստ նույն աղբյուրի՝ իրականացվել է 3 հազար 250 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 227 հազար 809-ի:
Մահվան դեպքի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է. - «Պացիենտը եղել է 82 տարեկան կին և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»։
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 906-ի, ևս 279 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 2 հազար 908 մարդ:
«Շարունակում ենք բարելավման վիճակում գտնվել». վարչապետ
Այսօր Կառավարության նիստի մեկնարկին անդրադառնալով կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես ասաց. - «Վերջին 20 օրում, ըստ էության, մենք ամենօրյա ռեժիմով ունենում ենք 200-ից պակաս նոր դեպքեր: Սա ընդհանուր առմամբ իհարկե բարելավում է, բայց նաև բարելավման մեկ այլ ցուցանիշ էլ ունենք: Նախ՝ ակտիվ դեպքերի թիվը էականորեն նվազել է, և մենք այս պահի դրությամբ 3 հազարից պակաս ակտիվ դեպք ունենք, այսինքն՝ ախտորոշված դրական և բուժման մեջ գտնվող քաղաքացիներ: Եվ նաև շատ կարևոր է արձանագրել, որ մենք, ամենօրյա թեստերի թիվը աննախադեպ բարձր է, և շատ կարևոր է արձանագրել, որ հայտնաբերման տոկոսը, այսինքն՝ դրական տոկոսը ցածր է, ինչը համարվում է հայտնաբերելիության մեծ աստիճան՝ մոտավորապես մենք 5, 6, 7, 8 տոկոսի շրջանակում ենք, մանավանդ վերջին օրերին 5 տոկոսի շրջանում ենք, 5-6 տոկոսի, ինչը միջազգայնորեն համարվում է հայտնաբերման բարձր ցուցանիշ, իսկ սա շատ կարևոր է»:
«Եվ այս առումով, կարծում եմ, որ մենք շարունակում ենք բարելավման վիճակում գտնվել, և առաջիկա մեր ամենամեծ ռիսկը՝ այս դինամիկան խախտելու, բարելավումը խախտելու, դպրոցների բացումն է հանրակրթական, և այս առումով կայացվել են որոշումներ, որոնք հասկանալիորեն միանշանակ չեն ընդունվում հանրության կողմից, նաև պատճառն այն է, որ կա պահանջ, որ երեխաները դպրոցում պետք է դիմակներ կրեն», - նշեց վարչապետը:
«Ես ուզում եմ արձանագրել հետևյալը, որ մենք պարտադրված ենք անել քայլեր, որ թույլ չտանք, որպեսզի մենք վերադառնանք համաճարակային նոր ճգնաժամի», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
«Մենք կգնանք էս ճանապարհով, բայց նաև ուշադիր մոնիտորինգ կանենք իրավիճակը, և որ պահին կզգանք, ընդհանրապես եթե էդ միտումը շարունակվի, մեր նպատակն է կամաց-կամաց դուրս գալ էս սահմանափակումների ռեժիմից», - վստահեցրեց պետության ղեկավարը: