Մատչելիության հղումներ

Գորգիսյան․ Հրապարակվելիք զեկույցին պետք է հաջորդեն մի շարք քրեական գործեր


Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Գորգիսյան («Լուսավոր Հայաստան»)
Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Գորգիսյան («Լուսավոր Հայաստան»)

«Եկել է մի պահ, երբ շատ դիրքերում կրակելու հնարավորությունները եղել են սահմանափակ», - լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը` առանց մանրամասնելու, թե ինչ նկատի ունի։

Ինչո՞ւ է այդպես եղել, ո՞ր դիրքերում է նման խնդիր առաջացել ու դա ի՞նչ հետևանք է ունեցել: Քոչարյանը խոստանում է, որ այս հարցերի պատասխանները տեղ կգտնեն հանձնաժողովի եզրափակիչ զեկույցում։

Անդրանիկ Քոչարյան
Անդրանիկ Քոչարյան

Մեկ տարի տևած աշխատանքներն ավարտական փուլում են, և այս ամսվա ընթացքում զեկույցը կներկայացվի Ազգային ժողովի նախագահին:

Անդրանիկ Քոչարյան. – «Ապրիլյան գործողությունների սկսման սկզբնական փուլում, սա շատ կարևոր արձանագրում ա, դիրքերում զինվորները փամփուշտի և ուտելիքի պակաս չեն ունեցել: Սկզբնական փուլը դա այն մինիմալն ա, որը դրված ա դիրքում, որ զինվորը ինչ-որ գործողության հայտարարելու դեպքում պետք ա սկսի կիրառել... Էդ ժամանակահատվածը ինչքա՞ն ա տևել: Այ դա դուք կգտնեք, որովհետև եկել ա մի պահ, երբ որ որոշ դիրքերում, կամ շատ դիրքերում կրակելու հնարավորությունները եղել են սահմանափակ»:

Հանձնաժողովի անդամներից ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ենթադրում է, որ հանձնաժողովի աշխատանքների արդյունքում ընդդիմադիրների և իշխանականների ներկայացրած եզրակացությունները իրարից չեն տարբերվի, քանի որ հանձնաժողովը քաղաքական նպատակ չի ունեցել:

Բովանդակային մանրամասներ չփոխանցելով` Գորգիսյանը վստահություն է հայտնում, որ այս ամիս հրապարակվելիք զեկույցին պետք է հաջորդեն մի շարք քրեական գործեր. – «Ասենք, զինամթերքի պակաս է եղել, կամ սնունդ չեն ունեցել զինծառայողները. դա մենք արդեն իսկ հերքել ենք, և ես կարծում եմ, որ նաև էն լրատվամիջոցները, որոնք ժամանակին դա տարածել են` առանց նաև բանակին հարցնելու, միակողմանի լուսաբանել են, որ այ եթե ավելի շատ զենք լիներ, մենք ավելի լավ կկռվեինք կամ նման բաներ... ես կարծում եմ, այդ լրատվականներն էլ պետք է ինչ-որ ձև պատասխանատվության ենթարկվեն, որովհետև դա պետության դեմ սաբոտաժ է, բանակի դեմ սաբոտաժ է, երբ պատերազմական իրավիճակում բանակի հեղինակության հետ են խաղում»:

Խորհրդարանի որևէ խմբակցությունում չընդգրկված պատգամավոր Արման Բաբաջանյանի ղեկավարած «Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնության անդամներից մեկը օրերս իր ձեռքում հայտնված Ապրիլյան հանձնաժողովի մեկ-երկու արձանագրությունները խայտառակություն էր որակել` Ֆեյսբուքում գրելով. - «Փաստորեն իբր հերքվում է, թե տանկերում վառելիքի փոխարեն ջուր է եղել, զենքի ու փամփուշտի խնդիր է եղել, Խաչատուրովը «բիլիարդ խաղալուց» է եղել»։ Օգտատերը հիշեցնում է, որ նույնիսկ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն էր խոսել տանկերում վառելիք չլինելու մասին։

Անդրանիկ Քոչարյանը խորհուրդ է տալիս ժամանակից առաջ չընկնել ու սպասել եզրակացությանը։

Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանի հայտարարությանը, որը երրորդ նախագահ Սերժ Սագսյանը իր վերջին ասուլիսիում վրիպում էր անվանել, Քոչարյանը հակադարձում է. – «2016-ից 2018 թվականը էդ վրիպումների մասին Սերժ Սարգսյանը չունե՞ր հնարավորություն Կարեն Կարապետյանին հարցներ` տղա ջան, խի՞ ես վրիպել... Վարչապետը վրիպո՞ւմ ա: Ես էլ իրան հարցրել եմ` վրիպելը քաղաքական նպատակ ունեցե՞լ է, թե՞ չէ: Որովհետև էդ վրիպումը շատ թանկ նստեց բանակի վրա»:

Ի դեպ, հանձնաժողովի ընդդիմադիր անդամ Գևորգ Գորգիսյանը մտահոգիչ է համարում, որ գաղտնի արձանագրությունները հայտնվել են նման մանդատ չունեցող անձի ձեռքում։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հրապարակման մեջ որևէ գաղտնի ինֆորմացիա չի գտել։ Ավելի ուշ օգտատերը պարզաբանեց, թե շփոթվել է ու հայտարարության փոխարեն օգտագործել արձանագրություն բառը։

Անդրանիկ Քոչարյան. – «Արձանագրությունները գաղտնի չեն: Բոլոր փաստաթղթերը, որի վրա գրված ա «գաղտնի» և դա հանկարծ որևէ մեկի ձեռքին հայտնվի, պատասխանատվություն են կրելու նրանք, ովքեր պատասխանատու են գաղտնի փաստաթղթի տնօրինման համար: Էն, ինչի մասին դուք հիմա ասում եք, էդտեղ ես ոչ մի գաղտնի բան չեմ տեսնում»:

Թե զեկույցի որ մասը հրապարակային կլինի, կորոշվի «Պետական գաղտնիքի մասին» օրենքի համաձայն: Զեկույցը ունենալու է հույժ գաղտնի, գաղտնի, բաց և այլ բաժիններ: Ինքն Անդրանիկ Քոչարյանը կարծում է, որ Ապրիլյան պատերազմի զոհերի հարազատները պետք է հնարավորություն ունենան ծանոթանալու իրենց կազմած փաստաթղթի բոլոր մանրամասներին:

XS
SM
MD
LG