Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակչի կողմից ներկայացրած հաղորդման հիման վրա Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի (Պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով) հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսուչների կողմից իրենց լիազորությունների անցմամբ դիտավորությամբ բռնություն գործադրելով զուգորդված գործողություններ կատարելու հանգամանքը, հայտնում է գլխավոր դատախազությունը:
Քննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության նույն դասակի տեսուչներ Ս. Մ.-ն և Ս. Խ.-ն օգոստոսի 22-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Երևանի Մոսկովյան փողոցի վրա գտնվող «Կասկադ» համալիրի հարևանությամբ ծառայություն կատարելու ժամանակ նկատել են Առինջի բնակչին պատկանող՝ կանգառն արգելված վայրում կայանված ավտոմեքենան և հատուկ տարհանում իրականացնող տրանսպորտային միջոցով այն տեղափոխել «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պահպանվող հատուկ տարածք:
Ավտոմեքենայի սեփականատեր հանդիսացող քաղաքացին, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, իր եղբորորդու հետ այցելել է ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք՝ ավտոմեքենան դուրս բերելու համար: Նրանք ՃՈ երկու տեսուչներից պարզաբանումներ են պահանջել ավտոմեքենան տեղափոխելու պատճառների վերաբերյալ, պահանջել ցույց տալ կատարված իրավախախտման փաստը հավաստող լուսանկարը, սակայն վերջիններս հրաժարվել են ներկայացնել իրավախախտման վերաբերյալ ապացույցներ:
Այնուհետև, ըստ դատախազության, ավտոմեքենայի սեփականատերը սեռական բնույթի հայհոյանքներ է տվել ոստիկանության այդ աշխատակիցների հասցեին, ինչից հետո վերջիններս, քաղաքացու կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու համար նրան օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու փոխարեն, ակնհայտորեն դուրս գալով իրենց լիազորությունների շրջանակից, դիտավորությամբ բռնություն են գործադրել նրա նկատմամբ՝ նախ սպայական գումարտակի դիմաց, փողոցում, ապա գումարտակի հերթապահ մասի առջև գտնվող միջանցքում և բակում ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցնելով վերջինիս մարմնի տարբեր մասերին և պատճառելով մարմնական վնասվածքներ: Այդ ընթացքում ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցվել նաև բռնբության գործադրումը թույլ չտալու փորձ կատարող՝ քաղաքացու հետ տարածք եկած անձին:
Նշված արարքները կատարելու համար ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսուչներ Ս. Մ.-ին և Ս. Խ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով: