Մատչելիության հղումներ

«Արդար դատավարությունը կլինի Մարտի 1-ի ամենամեծ հուշարձանը». ավագանու անդամ


Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մանրակերտը, 28 փետրվարի, 2020թ.
Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մանրակերտը, 28 փետրվարի, 2020թ.

Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի քանդակագործ Ալբերտ Վարդանյանը լսել է, որ իր ստեղծագործությունը վերջին օրերին քննարկվում, քննադատվում է՝ հիմնականում սոցիալական ցանցերում։

Ինքը օնլայն տիրույթում չկա, չի կարդացել քննադատությունները, սակայն քննադատողներին առաջարկում է՝ «եկեք, խոսենք, հասկանանք»։ «Տենց կողքից բան ասելը, դրանից հեշտ բան չկա, կարող է անգամ թույլ տայի, որ աշխատեին», - նշեց Վարդանյանը:

Մասնագիտական մրցույթում հաղթած «Ազդեցություն և հակազդեցություն» քանդակը բրոնզից ու քարից է լինելու, կփորձեն մինչև մյուս տարվա մարտի 1-ը ավարտին հասցնել։

Աշխատանքի ընթացքին ծանոթանալու նպատակով անցած շաբաթվա ավարտին Երևանի ավագանու մշակույթի հանձնաժողովի անդամներն էին գնացել Գյումրի՝ հենց քանդակագործի արվեստանոց։ Հանձնաժողովի անդամ Գրիգոր Երիցյանի և նույն հանձնաժողովի նախագահ Սաթենիկ Մկրտչյանի համոզմունքով՝ քանդակը տարբերվում է համացանցում շրջանառվող նախագծային տարբերակից ու ժամանակի հարց է, որ ընկալվի նաև ավելի լայն շրջանակներում:

«Մի կողմից տեսնում ենք բռնություն և ուժ կիրառող իշխանություններին, մյուս կողմից էլ՝ արդարության համար պայքարող քաղաքացիներին, ինչը հանգեցնում է բախումների: Հուշարձանը ցույց է տալիս այն հույսը, այն հեռանկարը, որ նման իրավիճակներ այլևս չպետք է կրկնվեն», - ասաց Երիցյանը:

Սաթենիկ Մկրտչյանն էլ նշեց. «Անհանգստությունը, որ զգում ենք այս քանդակից, մեր բոլորի ապրած օրերն է, ժամանակն է, այն զոհված մարդկանց կյանքերն է»:

«Չարժե շտապել, հատկապես այսպիսի աշխատանք հանրությանը ներկայացնելիս», - «Ազատության» հետ զրույցում ասաց Երևանի ավագանու անդամ, ճարտարապետ Արսեն Կարապետյանը՝ ընդգծելով՝ սա ճաշակի հարց չէ. - «Ճաշակին ընկեր կարող է լիներ պաղպաղակի համերի հարցում, բայց ոչ արվեստի մեջ»:

Չնայած քանդակի տեսքը նորություն չէր, և հենց մրցույթում հաղթած տարբերակը հրապարակվել էր դեռ այս տարվա սկզբին, բայցևայնպես բուռն քննարկումները վերսկսվեցին այն բանից հետո, երբ օրեր առաջ Երևանի ավագանու Մշակույթի հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց հուշարձանի տեղադրմանը Երևանի Զաքյան, Բեյրութի և Գրիգոր Լուսավորիչ փողոցներով շրջապատված Մանկական այգում։

Ընդգծենք՝ թեպետ ավագանին պատասխանատվություն չի կրում արձանի տեսքի համար, քանի որ այն արդեն իսկ հաղթող է ճանաչվել մասնագիտական ժյուրիի կողմից, սակայն հենց ավագանին է որոշելու արձանի տեղը, և հենց վաղվա ավագանու նիստի օրակագում այս հարցն ընդգրկված է։

2008 թվականի հետընտրական ցույցերի մասնակից, քանդագործի հեղինակ Ալբերտ Վարդանյանն ընտրված տարածքի հետ համաձայն չէ, սակայն փորձում է աշխատանքը հարմարեցնել: Ավելի լուրջ տարաձայնություններ կան իշխանական «Իմ քայլում»։ Ավագանու անդամ Արսեն Կարապետյանը վաղը դեմ կքվեարկի։

«Խնդիրն այն է, որ ունենք ստացված արդեն հատվածներ քաղաքի, այսինքն ոչ մի բան պետք չի ձեռք տալ այդ հատվածում: Ցանկացած բան, որ մենք պետք է մի կտոր այդ պարիսպից քանդենք, ինչ-որ բան դնենք, ես դիտարկում եմ որպես կցակառույց: Այս պարիսպը նախագծել է փայլուն ճարտարապետ, ենթադրում եմ, Աղմադանը կամ մեկ ուրիշը այդ սերնդի, ու այդ մարդկանց աշխատանքը, գործը մենք անտեսում ենք: Իմիջայլոց, շատ լավ վիճակում է, գրեթե բան չկա անելու, մի փոքր վերանորոգումը բավարար է, այսինքն ոչ մի բան չի եղել այդ պարիսպին, որ մենք հիմա բռնենք մի կտոր քանդենք, ես իմաստը չեմ հասկանում», - ասաց Կարապետյանը:

Ավագանու անդամը պնդում է՝ 21-րդ դարում արձանները չպետք է քաղաքական ֆունկցիա կատարեն։ Քաղաքը ոչ թե ծանրաբեռնել հուշարձաններով, այլ այսօրվա, այս ժամանակի արվեստի գործերով, ասում է ճարտարապետը՝ ակնարկելով Մարտի 1-ի արյունալի դեպքերը հուշարձանով չէ, որ պետք է հիշել:

«Ինչու չէ, եթե հենց դատավարությունն էլ լինի, ամենամեծ հուշարձանն այդ պահին կլինի անկեղծ, արդար դատավարությունը, որը դեռ չենք տեսել», - նշեց Կարապետյանը:

XS
SM
MD
LG