Վարդաբլուրցի 10 տարեկան Նորայրը օրն սկսում է հանդերում՝ ոչխարների հետ։ Հարևանի ոչխարներն են, ընտանիքով պահում՝ աշխատավարձ են ստանում։
Ասում է՝ դեռ գարնանը իր հալալ քրտինքով վաստակած 40 հազար դրամից իրեն էլ է բաժին հասել՝ հեծանիվ են գնել ծննդյան օրվա առթիվ։ Չնայած արդեն անիվները փչացել են, բայց երազանքի նման մտքում պահել է՝ թե որ ամառվա աշխատածը բազմանդամ ընտանիքի ծախսերը փակի, տակի մնացածով գոնե անիվը կփոխեն։
«Ակը պայթել ա, առնիլ տեմ», - ասում է Նորայրը:
Առարկաներից ամենաշատը թվաբանությունն է սիրում. թվերի հետ գործ ունենալը լավ բան է, ասում է։ Հիմա ոչխարներին է հաշվում, մեծանա՝ սեփական բիզնեսը կհաշվարկի։
6 անդամից բաղկացած ընտանիքում բացի մեկ տարեկան զույգ եղբայրներից բոլորն իրենց անելիքը գիտեն։ 10-ամյա Նորայրը երեխաներից մեծն է, ծնողներին հավասար աշխատում է, բայց առանց 8 տարեկան Միլենայի գործը գլուխ չի գա՝ փոքրիկներին խնամում է, որ ծնողներն ու ավագ եղբայրն աշխատեն։
«Շատ վախտ նեղվում ա, ասում ա՝ «արդեն հոգնել եմ, էլ կարում չեմ էրեխեքին պահեմ», լաց ա ըլում: Ես էլ ասում եմ՝ «ոչինչ, ազիզ ջան, պահի, գնամ կով կթեմ, գամ կարտոշկա հանեմ», էս հարևանի գործն եմ անում: Կարտոշկեն էլ չի լավը, տենում ե՞ս: Որ ինձ չի հաջողվել սովորելը, ես ուզում եմ, որ իմ էրեխեքը ուսումի տամ, հաջողվի իրանց սովորելը, իրանք ապագա ունենան, որ մեկի նման էլ իրանք դառնան», - ասում է մայրը:
32-ամյա Տաթևը լավ գիտի՝ մանկահասակ աղջկան հոգսի տակ դնելը լավ բան չէ, բայց, ասում է, ճար չունի, զույգ տղաներին մեծացնել է պետք։ Տանը նստի՝ ծախսերը չեն փակի, ամուսնուն օգնում է՝ տուն չունեն, ուրիշի տանն են ապրում, ուրիշի կովերը կթում գումարի դիմաց։
Տան հայրը՝ 33-ամյա Մնացականը, հաշվում է՝ օրը 16 ժամ աշխատում է։ Ուրիշներն այսքան աշխատելու դեպքում գուցե հարստանային, բայց իրենց մեկը երկուս չի դառնում։ Պետության տված նպաստի հետ ամսական 100 հազար դրամ մի կերպ են ունենում։
«Օրվա 16 ժամն աշխատում եմ՝ անասնապահություն եմ անում՝ 2800 դրամ, վեց անց կեսից առավոտվա մինչև ինը, ամառները մինչև տաս անց կես-տասնմեկը: Կողքից սաղ հեշտ ա: Ոչ մի բանն էլ հեշտ չի ստեղ», - ասում է Մնացականը: - «Ամեն ձևի աշխատել եմ, որ իմ ընտանիքը առաջ գնա, լավն ըլի, տուն առնեմ, րեխանցս պահեմ, ինչ-որ նպատակներ ունեմ ես իրանց վրա, բայց չի ըլում»:
Մի կով ու մի խոզ են նվիրել բարեգործները։ Բայց վերջերս ուժգին քամին գոմի տանիքը քանդեց։ Կարգին գոմ չունեն, որ եղած անասունը բազմացնեն։
Երիտասարդ ծնողներն իրենց առաջ խնդիր են դրել՝ 4 երեխաներին էլ անպայման լավ ուսումի կտան։ Մայրն ասում է՝ չնայած քովիդի ամիսներին օնլայն դասերի համար հեռախոս ու ինտերնետ չունեին, որ երեխաները դասերին մասնակցեն, բայց հիմա ամառվա աշխատածից հետ են գցում. հանկարծ հեռախոս պետք եկավ՝ պատրաստ լինեն։
«Շան տանջանք ա: Ասում են գյուղի գործը շատ հեշտ ա, բայց հեշտ ոչ մի բան էլ չկա: Շան տանջանք ա: Գիդեմ ոչ՝ ըռավոտ վեր կենամ՝ էրեխե՞քին պահեմ, կո՞վ կթեմ, կարտո՞շկեն հանեմ, գիդեմ ոչ: Էրեխեքն են էլի մեղք», - ասում է Տաթևը:
Էսօրն էլ պրծավ։ Բոլորը տուն դարձան։ Մի քանի ժամ կքնեն, ու էլի ամենքն իրենց գործին՝ հույսով, թե իրենց համար էլ մի դուռ կբացվի։