ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը հրավիրվել է Պետդեպարտամենտ։ Պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանը դեսպանին ասել է, թե Միացյալ Նահանգները լրջորեն անհանգստացած է Գերմանիայի իշխանությունների եզրակացությունից, որ ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին Ռուսաստանում թունավորվել է «Նովիչոկ» խմբին պատկանող քիմիական թույնով։
Պետքարտուղարի տեղակալն ընդգծել է, որ Ռուսաստանի իշխանությունների կողմից քիմիական զենքի օգտագործումը, ինչպիսին համարվում է «Նովիչոկ»-ը, կլինի Մոսկվայի միջազգային պարտավորությունների ակնհայտ խախտում։ Սթիվեն Բիգանը Ռուսաստանին կոչ է արել աջակցել հետաքննությանը։