Մատչելիության հղումներ

«Բոլորն էլ ուզում են գալ, բայց մի քիչ քաջալերել է պետք». լիբանանահայ


Լիբանանից հայրենիք տեղափոխված էլիաս Քալաջյանը զրուցում է «Ազատության» թղթակցի հետ
Լիբանանից հայրենիք տեղափոխված էլիաս Քալաջյանը զրուցում է «Ազատության» թղթակցի հետ

Ալին Գալեմգերիանը 2 որդիների հետո Բեյրութից վերջերս է Երևան տեղափոխվել, տոմսները նախօրոք էին գնել: Մինչև Բեյրութի պայթյունն արդեն որոշել էին տեղափոխվել տնտեսապես անկայուն դարձած Լիբանանինց, իսկ պայթյունն արդեն դրեց նրանց կյանքի՝ Բեյրութի փուլի վերջակետը։

«Չտեսնեինք, ավելի լավ կլիներ, ավելի շուտ եկած լինեինք: Որովհետև շատ ազդեց մեր վրա», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ալինը:

Օգոստոսի 4-ին Բեյրութը ցնցած պայթյունի հետևանքով վնասվել է նաև Գալեմգերիանների բնակարանը՝ կոտրվել են ապակները, տունը լցվել է փոշով, ու ընդամենը մեկ րոպեում դարձել անճանաչելի, բայց որ ավելի է տխրեցնում Ալինին՝ անդառնալիորեն փոխվել է Լիբանանի մայրաքաղաքը:

Արդեն Երևան տեղափոխվելուց հետո նոր մարտահրավերների առջև են։ Ալինի խոսքով, կյանքն այստեղ ավելի հանգիստ է, երեխաները հայերեն են լսում ու խոսում, Հայաստանում իրենց լավ են զգում, ընտանիքով որոշել մնալ` եթե միայն Ալինի ամուսինն այստեղ աշխատանք գտնի, առայժմ նա արտերկրում է աշխատում։

Նույն մարտահրավերի առջև հիմա Հայաստանում կանգնած են Բեյրութից տեղափոխված հարյուրավոր ընտանիքներ։ Օգոստոսի 4-ի պայթյունից հետո Բեյրութ - Երևան շաբաթական 2 թռիչք կա, ինքնաթիռները գրեթե ամբողջությամբ լիքն են լինում։

Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի տվյալներով, վերջին ամսվա ընթացքում Երևան է եղել է ավելի 1000 լիբանանահայ, որոնցից մոտ 800-ը ցանկություն է հայտնել այստեղ մնալու։

Նրանց շարքում է նաև էլիաս Քալաջյանը։ Ինչպես Գալեմգերիանները, այդպես էլ նրա ընտանիքը կմնա ու կապրի Հայաստանում` եթե կարողանա բավարար գումար վաստակել։

էլիաս Քալաջյանը Բեյրութում կահույքի արտադրամաս ուներ, պիտի փորձի Երևանում ևս իր գործը սկսել ու կահույք արտադրել։ Չնայած ընկերներից շատերն արդեն նրան հուշել են, որ Հյաստանում ևս տնտեսական վիճակը նախանձելի չէ, այնուամենայնիվ նա լավատես է։

Մեկ շաբաթ առաջ Երևան տեղափոխված Քալաջյանը հասցրել է թակել կառավարության դուռը՝ հասկանալու, թե ինչպես կարող են իրեն աջակցել այստեղ բիզնես սկսելու հարցում։ Նրան տեղեկացրել են, որ կարող է արտոնյալ վարկեր ստանալ: Սակայն ասում է, որ վարկի, անգամ ֆինանսական աջակցության կարիք չունի, նրան միայն տարածք է պետք արտադրություն սկսելու համար։

Էկոնոմիկայի նախարարությունում ասել են, թե կպարզեն ու կտեղեկացնեն՝ կարող են օգնել, թե՞ ոչ։

«Շատ ընկերներ ինձ ասել են, դու կգա, մենք կհետևենք քեզ: Ուզում են տեսնել, թե ես ինչ վիճակի կհասնեմ, որ իրենք էլ կարողանան գալ: Եթե քաջալերվեն, իրենք էլ կգան` ընտանիքներով, զավակներով... Բոլորն էլ ուզում են գալ, բայց մի քիչ քաջալերել է պետք», - ասաց Քալաջյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG