Հայաստանում կորոնավիրուսի տարածման տեմպերը նվազում են: Դեպքերի ընդհանուր թիվը, երեկ առավոտյան հրապարակված տվյալներով, հասել է 44 հազար 271-ի: Համաճարակի սկսվելուց ի վեր արձանագրվել է մահվան 887 դեպք, բուժվել է 38 հազար 855 մարդ, փաստացի բուժում է ստանում 4 հազար 258 քաղաքացի:
Սրանք պաշտոնական թվերն են, և խոսքը հայտնաբերված դեպքերի մասին է: Սակայն չհայտնաբերված դեպքերը, ըստ փորձագետների, զգալիորեն շատ են: Այդուհանդերձ, ըստ Կովկասի ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանի, սա ևս բավարար չէ բնակչության շրջանում այդ հիվանդության հանդեպ իմունիտետ ձևավորելու համար, հետևաբար առկա է վարակի երկրորդ ալիքի վտանգը:
Ստորև՝ հատված փորձագետի հետ «Ազատության» հարցազրույցից.
Հրանտ Միքայելյան. – Ես ունեմ մոդելավորված հաշվարկի արդյունք, որով այս պահի դրությամբ այսպիսին է վիճակը, որ ընդհանուր առմամբ մոտավորապես 220 հազարի մոտ, այսինքն՝ բնակչության 7,5 տոկոսի մոտ այս թե այն կերպ եղել է քովիդը, որից մոտավորապես կեսը ասիմպտոմ է տարել, մնացած կեսից էլ զգալի մասը թեթև է տարել: Այն մարդկանց մոտ, ում մոտ որ ավելի ծանր է դեպքը եղել, հիմնականում դրանք գրանցվել են, մանավանդ եթե իրենք Երևանում են եղել կամ համեմատաբար խոշոր քաղաքներում: Եվ, իմ հաշվարկով, այդ 218 հազարից 202 հազարը արդեն ապաքինվել են, և այսպիսով հիմնական ալիքը այս պահի դրությամբ ավարտվել է:
7,5 տոկոսը իրականում բավական չէ, որ ամբողջությամբ վարակի տարածումը կանգնեցվի: Այսպիսով՝ ես կարծում եմ, որ կա վտանգ, որ վիրուսը էլի նորից տարածվի:
«Ազատություն». – Ի՞նչ տոկոսայնությամբ, ըստ Ձեզ, եթե 7,5 տոկոսի մասին եք հիմա խոսում և 220 հազարի:
Միքայելյան. – Ընդհանրապես, էպիդեմիոլոգիական հաշվարկները ցույց են տալիս, որ բնակչության 58-ից մինչև 74 տոկոս պետք է վարակվի, որ ամբողջությամբ ալիքը անցնի, որ ամբողջությամբ բնակչությունը իմունիզացվի: Սակայն դա կախված է բազմաթիվ գործոններից, և այդ գործոններից մեկն է, օրինակ, վակցինան՝ պայմանական մենք կարող ենք բնակչությունը իմունիզացնել վակցինայի շնորհիվ:
Կան ուրիշ պատճառներ: Ենթադրենք՝ եթե բնակչության մոբիլությունը ցածր լինի, դա նվազեցնելու է պահանջվող տոկոսը բնակչության, որը պետք է իմունիզացվի, և այսպիսով պարտադիր չի լինի, որպեսզի այդքան բնակչությունը հիվանդանա:
Եվ այս պահի դրությամբ մենք իհարկե չենք կարող ասել՝ տվյալ դեպքում ինչքան պետք է վարակվի, բայց, ամեն դեպքում, 7,5 տոկոսը պետք է իմանանք, որ բավական չէ:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.