Արվեստագիտության դոկտոր, պատմական գիտությունների թեկնածու, մշակույթի վաստակավոր գործիչ ու 50 տարվա հնագետ Հակոբ Սիմոնյանը զարմացած է: Նա կարծում էր, որ հնագիտական բացառիկ գտածոներով պետք է Աղձքի հայ արքաների դամբարանը ուշադրության ամենակենտրոնում հայտնվեր, այնինչ խոսվում է կոռուպցիոն չարաշահումների մասին:
«Ես մեղադրյալ չեմ, ես վիրավորված եմ», - ասում է Աղձքի հայոց արքաների դամբարանային հուշարձանախմբի պեղումների ղեկավարը:
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրել են Արագածոտնի մարզի Աղձքի դամբարանում պեղումների համար ծախսված պետական միջոցները ու քրեական գործ հարուցել. 2018 թվականին Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը պետությունից 15 միլիոն դրամ սուբսիդիա ու 12 միլիոն դրամաշնորհ էր ստացել պեղումների համար:
«ՊՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձինք, անտեսելով 2018թ. ապրիլից հունիս ամիսներին Աղձքում պեղումներ իրականացնելու թույլտվություն չունենալու, ինչպես նաև փաստացի պեղումներ չկատարելու հանգամանքը, կազմել են առերևույթ կեղծ, իրականությանը չհամապատասխանող փաստաթղթեր և պետական բյուջեից ՊՈԱԿ-ին հատկացված միջոցներից յուրացման ձևով ենթադրաբար հափշտակել առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 9 միլիոն դրամ՝ հավելավճարի, գուրծուղման ծախսերի, տրանսպորտային միջոցի վարձակալության, բենզինի, ինչպես նաև բանվորներին որպես աշխատավարձ դուրս գրելու միջոցով», - ասված է դատախազության տարածած հաղորդագրությունում:
Հակոբ Սիմոնյանը հակադարձում է՝ պեղումների թույլտվություն ունեցել են կլոր մեկ տարվա համար և պեղումներ անշեղորեն իրականացրել են. – «Պատասխանատու ինչ-որ մի անձ ձեռքով պետական փաստաթղթի վրա ուղղում ա արել, դարձրել մինչև դեկտեմբերի 30-ը: Որի իրավունքը չունի, որովհետև օրենքով հստակ գրված է, որ թույլտվությունը տրվում է մեկ օրացուցային տարով: Չգիտեմ ով է արել, այ թող պատկան մարմինները դրա հետևից գնան, ոչ թե գիտնականի հետևից ընկնեն»:
Որ արքաների դամբարանում աշխատել են, պարզ երևում է լուսանկարներում, բացի դրանից էլ գյուղում բազմաթիվ ականատեսների աչքի առաջ են եղել:
Բանվորների անունից փողեր դուրս գրվե՞լ են:
Հակոբ Սիմոնյան. – «Գիտնականը գնում բանվորին ասում ա` գիտես ինչ, ես քու վրա փող կգրեմ, դու իմ փողը տուր ի՞նձ... Մի հոգի չեն, տասնյոթ հոգի են: Դուք հասկանո՞ւմ եք, թե ինչ աղմուկ կբարձրանար»:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի հիմանդիր տնօրենը հենց Հակոբ Սիմոնյանն էր: Մինչև վերջին մի քանի տարին, երբ նրան փոխարինեց որդին` մրցույթով, շեշտում է Սիմոնյանը։
Ըստ դատախազության, չարաշահումներ կան նաև տրանսպորտի վարձակալության, բենզինի ու գիշերակացի համար տրամադրված գումարներից. – «Ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված աշխատակիցներին գիշերավարձի և օրապահիկի համար կատարված վճարումներն իրականացվել են առանց հիմնավորող փաստաթղթերի: Իսկ գործուղումների ընթացքում վարձակալած տրանսպորտային միջոցին յուրաքանչյուր օրվա համար 15 լիտր բենզին տրամադրելու հանգամանքը վկայում է, որ աշխատակիցները նույն օրը վերադարձել են աշխատանքի հիմնական վայր, ինչի պայմաններում նրանց չպետք է տրվեին գիշերավարձի և օրապահիկի գումարները»:
Քաղաքից 30 կիլոմետից ավելի գնալու դեպքում հիմնարկը պարտավոր է վճարել օրապահիկ ու գիշերավարձ, ասում է Հակոբ Սիմոնյանը: Այդպես էլ վարվել են. – «Ինքը կարող ա գիշերավարձի գումարով տաքսի ա վարձել, հետ ա գնացել, նորից էկել... Դա կազմակերպության խնդիրը չի»:
Սիմոնյանը հորդորում է մտածել այն մասին, որ արքաների թեման ուսումնասիրող արշավախումբը ոչ մի մեքենա չունի: – «Ամբողջ կազմակերպությունը գոնե մեկ մեքենա չունի»:
Աղձքում Սիմոնյանի արշավախումբը 2015-ից է պեղումներ սկսել: Ըստ գլխավոր դատախազության, 2015-18 թվականներին ներքին աուդիտի արդյունքում պեղումների գործընթացի արդյունավետությունը համարվել է խնդրահարույց:
Արշավախմբի ղեկավարը շարունակում է վիրավորվել` իրենք աշխատել են շատ դժվար պայմաններում. – «Ամբողջ հինգ տարվա ընթացքում էնքան գումար են տվել, որ դրանով կարելի է ընդամենը մի բնակարան գնել Երևան քաղաքի կենտրոնում»:
Նախորդ տարվանից պեղումները դադարեցված են հենց այս կասկածի մթնոլորտի պատճառով: «Վաղ միջնադարում էլ կանգ առանք», - ցավում է գիտնականը, և ցույց է տալիս, թե ինչ է կատարվել պեղումների դադարի ընթացքում. – «Եկեղեցուն կպած քեֆ-ուրախության սենյակ կարելի՞ ա կառուցել»:
Այնինչ սա պետք է զբոսաշրջային կենտրոն դառնար, պեղումներից ու բարեկարգումից հետո՝ ցուցասրահով, թանգարանով, ափսոսում է Սիմոնյանը. – «Աղձքը Զվարթնոցից, Գառնիից հետո երրոդ զարդը կարող էր լինել»:
Հազարամյակների հողի շերտից դուրս են բերվել 4-րդ դարի եկեղեցի, Արտաշեսյանների ու Արշակունիների արքայական դամբարան, «գահասրահ»-պալատ՝ շքեղ հարթաքանդակներով, երկաթագիր արձանագրություններով և խաչաքանդակներով տապանաքարեր, որոնց ներքո ննջում են 4-5-րդ դարերի հայոց հոգևոր և աշխարհիկ տերերը: Հնագետի կարծոքով, հենց խորհրդանշական վայրում՝ Աղձքում պետք է պաշտոնյաները երդում տան։ Վաղ միջնադարում հավատում էին, որ երկրի բախտն ու փառքը արքաների աճյուններում է. – «Նրանք պետք է գան և հայոց արքաների շիրմների մոտ հայ ժողովրդին իրենց հավատարմությունը հայտնեն»:
Քրեական գործը ջուրն է լցրել բոլոր պլանները. նախաքննությունը շարունակվում է՝ պեղումները դադարեցված են, արշավախումբը արքաների տարածքում միայն մաքրության ու ամրակայման գործն անելու թույլտվություն է ստացել: