Մատչելիության հղումներ

Նախագահը հեռախոսազրույց է ունեցել Ազգային հերոս Հրայր Հովակիմյանի հետ


ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան, արխիվ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան, արխիվ

Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել օրերս Հայաստանի Ազգային հերոսի կոչմանն արժանացած և Հայրենիքի շքանշանով պարգևատրված վաստակաշատ բժիշկ, սրտային վիրաբույժ Հրայր Հովակիմյանի հետ:

Խորհրդանշական համարելով, որ Հրայր Հովակիմյանն առաջին բժիշկն է, որն արժանանում է Ազգային հերոսի կոչման, Արմեն Սարգսյանը շնորհավորել է մեծահամբավ բժշկին և մաղթել առողջություն ու նորանոր հաջողություններ, ասված է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:

Նախագահը բարձր է գնահատել Հովակիմյանի մատուցած ծառայությունները հայրենիքին ու ժողովրդին և նրա՝ որպես սրտային վիրաբույժի մասնագիտական-մարդասիրական նվիրյալ աշխատանքը, որի արդյունքում փրկվել են բազմաթիվ կյանքեր:

Արմեն Սարգսյանը հիշարժան է համարել շուրջ երեք տասնամյակ առաջ Հրայր Հովակիմյանի գալուստը Հայաստան. նրա մասնակցությամբ 1993 թվականին Երևանի «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում մանկական սրտային վիրաբուժության բաժանմունքի, իսկ 1996-ին՝ մեծահասակների սրտային վիրաբուժության բաժանմունքի բացումը: Հայաստանում բժիշկ Հովակիմյանի գործունեության շնորհիվ երկրորդ կյանք են ստացել բազմաթիվ երեխաներ: Նախագահը նշել է, որ Հրայր Հովակիմյանին շնորհված Հայաստանի Ազգային հերոսի կոչումը նաև այդ երեխաների ու նրանց ընտանիքների երախտագիտության խոսքն է մեծ հայրենակցին:

Հրայր Հովակիմյանն ասել է, որ այսօր իր հիմնական նպատակն է գիտելիքների ու փորձի փոխանցումը երիտասարդ սերնդին, որպեսզի երիտասարդ, կիրթ, հմուտ մասնագետների շնորհիվ ապահովվեն բաժանմունքի շարունակական զարգացումն ու հաջողությունները:

Նախագահը հույս է հայտնել, որ առաջիկայում հնարավորություն կունենա Երևանում հանդիպել բժիշկ Հովակիմյանին և հանձնել հայրենիքի բարձրագույն պարգևը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG