Մատչելիության հղումներ

Փորձագետներն Արցախի նախագահի հայտարարությունները որակում են կոշտ, միաժամանակ համարժեք ու բնական


Ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի երեկ արած հայտարարությունը, ըստ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի, բավական կոշտ էր, միևնույն ժամանակ` համարժեք տարածաշրջանային ներկայիս իրավիճակին։ Արցախի նախագահը երեկ՝ երկրի անկախության հռչակման 29-րդ տարեդարձի օրը, ամփոփում էր պաշտոնավարման 100 օրը։

Ասուլիսի ընթացքում հայտարարեց՝ պետք է պատրաստ լինել պատերազմին, տեսանելի ապագայում բանակցություններ չեն լինելու։ Հարությունյանը ընդգծեց նաև` առաջիկա տասնամյակներում ղարաբաղյան հարցի լուծման հնարավորություն Արցախում չեն տեսնում։

«Ես չեմ հիշում, որ այս ձևի կոշտ հայտարարություն հնչի ու ողջունում եմ, քանի որ դիմացինը կոնստրուկտիվ չի, քանի որ Ադրբեջանը միայն պատերազմով ուզում է լուծել։ Ուրեմն, Արցախի նախագահի արձագանքը ադեկվատ է», - կարծում է Գրիգորյանը։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ևս բնական է համարում Ստեփանակերտից հնչող հայտարարությունները, նկատում՝ տարեցտարի բացարձակապես պարզ է դարձել մեկ բան՝ հենց Ադրբեջանը պատրաստ չէ որևէ խաղաղ բանակցության. - «Նրանք չեն բանակցում, որպեսզի չպատերազմեն, կամ նրանք չեն պատերազմում, որովհետև մենք չենք բանակցում։ Նրանք պատերազմելու են, հենց տեսնեն, որ պատերազմով կարող են հարց լուծել: Եվ այս այդմ, դրա համար նշում եմ, որ մեր խաղաղության գրավականն առանցքային այն է, որ մենք մշտապես լինենք այդ հարցում իրենցից մեկ քայլ առաջ»: Ադրբեջանական կողմից ռազմական ագրեսիայի դադարեցման որևէ երաշխիք չկա, եթե անգամ հայկական կողմը փոխզիջումների գնա, համոզված է քաղաքական մեկնաբանը: Ասում է՝ դա պարզ է նաև հայկական կողմի համար։

Արցախի նախագահը, երեկ «Մադրիդյան սկզբունքներին» ադրադառնալով, հայտարարել էր, որ դրանցից որևէ մեկի ընդունման պարագայում Արցախի անվտանգությունը խոցելի է դառնում։ Հարությունյանը նշել էր` Հայաստանի նախկին իշխանությունների օրոք քննարկվել է հարցի կարգավորման երկու տարբերակ։ Ըստ Հարությունյանի՝ մեկով հայկական կողմը պետք է Ադրբեջանին վերադարձներ հինգ շրջան, իսկ մյուսի համաձայն` յոթ շրջան կարգավիճակի դիմաց։

«Քննարկել որևէ տարածքային զիջում որևէ պայմանի դիմաց, ես նույնիսկ կասեմ ավելին քննարկել այդպիսի զիջում նույնիսկ կարգավիճակի դիմաց, սա կարող է լինել ռազմավարական ռիսկ Հայաստանի համար», - նկատում է Հակոբ Բադալյանը։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը միջազգային հանրությանը հստակ ուղերձ հղեց՝ Արցախի համար կարգավիճակից ավելի կարևոր է անվտանգության հարցը, ասում է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։ Ըստ Գրիգորյանի` Հայաստանի ներկայիս իշխանությունների համար ևս այդ հարցն առաջնահերթություն է. - «Ուղղակիորեն առնչվում է այն քաղաքականության հետ, որը տանում է Նիկոլ Փաշինյանը: Դուք գիտեք` Նիկոլ Փաշինյանն էլ ասում է` անվտանգությունն այսօր համար թիվ մեկ խնդիր է մեզ համար` Արցախի անվտանգությունը: Ուրեմն, եթե վերականգնվի բանակցային պրոցեսը Մինսկի խմբի շրջանակներում, Հայաստանը կդնի այս հարցը` ապահովել Արցախի անվտանգությունը: Մեզ համար հիմա կարևորը չի` ինչ կարգավիճակ, ինչ խոստումներ եք դուք մեզ տալիս»:

Պաշտոնական Երևանը դեռ չի մեկնաբանում Արցախի նախագահի հայտարարությունները, իսկ մասնագետները մինչ այդ նկատում են՝ ի տարբերություն պաշտոնական Երևանի` Ստեփանակերտը կաշկանդված չէ ավելի կոշտ ձևակերպումների հարցում, քանի որ փաստացի բանակցային կողմ չէ։

XS
SM
MD
LG