Ուսման վարձերը թանկացնելու որոշումը կայացվել էր անցած հոկտեմբերին
Չնայած կորոնավիրուսի համաճարակի պատճառով դասերն ամբողջ ծավալով չեն անցկացվում, այդուհանդերձ մայր բուհում առաջին կուրսի ուսանողները ստիպված են 70-160 հազար դրամ ավելի վճարել բարձրագույն ուսումնական հաստատության ուսանող կոչվելու համար։
Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը այսօր հրավիրված ասուլիսում պարզաբանեց, թե ցանկությունը վաղուց էր հասունացել, որոշումն էլ կայացվել էր դեռ անցած տարի հոկտեմբերին, երբ կորոնավիրուսը Հայաստան դեռ չէր հասել. - «Անցած տարի կային մարդիկ, որ ասում էին` բա մեր պայմանագիրը հեռավար ուսուցման համար չէ: Ասի` ճիշտ եք ասում, ես պատրաստ եմ ձեր գումարը ետ տալ և ձեր գործերն էլ ետ տալ»:
Ուսանողները սրտնեղում են` ավելի լավ է դիմակներով, քան հեռավար
Մեկ տարուց ավելի Հայաստանի ամենամեծ բուհի ռեկտոի պարտականությունները կատարող Գևորգյանն ասաց, թե անցած ուսումնական տարվա թերությունները շտկվել են, մասնավորապես բոլոր այն առարկաները, որոնք պահանջում են առկա շփում դասախոսի հետ, լինելու են։
Այդուհանդերձ ստացվում է, որ ուսանողը հիմնականում դասերին միանալու է հեռավար։ «Ազատության» հարցին՝ բարոյական, մարդասիրական տեսանկյունից սահմանափակ ձևաչափով կրթական գործընթացի պարագայում արդյոք չի խաթարվում արդարության սկզբունքը, ռեկտորի պաշտոնակատարը արձագանքեց․ - «Բարոյական խրատներ չտաք: Եկեք, խոսենք օրենքից, կասեք` ավելի բարոյական է, բան, եկեք, դուք ինձ նշեք, թե ինչն է էժանացել էս ընթացքում»:
Հարցին, թե օբյեկտիվ չի՞ համարում այն քննադատությունը, որ շատ մարդիկ էլ կորուստներ են կրել այս ընթացքում, նա պատասխանեց. - «Ես հիմա Ձեզ կուղարկեմ համալսարանի կորուստները»: 180 միլիոն դրամի չստացած գումարներ՝ ուսման վարձերի պարտքեր, զեղչեր և այլ կորուստներրի մասին խոսեց ռեկտորի պաշտոնակատարը, սակայն ընդունեց` գնումների գործընթացի ճիշտ կազմակերպման արդյունքում 100 միլիոն դրամ էլ տնտեսել են։ Այս տնտեսումների և բարձր վարձավճարի շնորհիվ կբարձրանան դասախոսների աշխատավարձերը, ասաց Գևորգյանը՝ պնդելով, որ միայն էնտուզիազմով լավ կադրերին չես պահի. - «Այսօրվա դրությամբ պրոֆեսորի աշխատավարձը 310 հազար է (կեղտոտ) մինչև բարձրացնելը, դուք դա համարում եք մե՞ծ աշխատավարձ պրոֆեսորի համար, հա՞, հարց եմ տալիս, չգիտեք: Որովհետև չգիտեք` ինչ բան ա պրոֆեսոր»:
Թե ովքեր են պրոֆեսորները, թերևս ուսումնառության ժամանակ կհասցնեն պարզել ուսանողները, եթե, իհարկե, շփման հնարավորություն ստեղծվի։ Առաջին կուրսեցիներից շատերը «Ազատության» հետ զրույցում սրտնեղում էին, որ շաբաթը մեկ անգամ են բուհ գալու, իսկ մարզերից եկողների համար, որոնք նաև բնակարաններ են վարձում Երևանում, կրկնակի դժվար է։
«Կան երեխաներ, որ մարզից են տեղափոխվել ու վարձ են տալիս տան, ինչպես նաև ինտերնետի, այսինքն` ծախսերը շատ են», - ասում է Հրազդանից Օֆելյա Հարությունյանը, Կենսաբանական ֆակուլտետ է ընդունվել։ Իր համար չի անհանգստանում, անվճար է սովորելու, սակայն մտահոգված էր քչախոս ընկերուհու` Արագածոտնի մարզից Երևան ժամանած Սոնա Նիկողոսյանի և մյուս համակուրսեցիների համար. - «Ծախսերի առումով իրենց դժվար է էստեղ մնալը, մանավանդ կոնկրետ մեր կուրսը գալու է շաբաթը մի անգամ դասի: Այդ ծախսերի հետ հաշվի առնելով` մտածում ենք, որ նորմալ պիտի գանք դասի, մտածում ենք` եթե հնարավոր է, ինչ-որ ձև դիմենք դեկանատ կամ ինչ-որ բան անենք, որ կարողանանք: Տեղյակ ենք, որ ուրիշ համալսարաններ, բացի մերից գալիս են գոնե շաբաթը 2-3 անգամ կամ առաջին 2 շաբաթը գալիս են», - նշում է Օֆելյան:
Ամենաշատը թանկացել են մեծ պահանջարկ վայելող ֆակուլտետները, մասնավորապես Տեղեկատվական անվտանգության և Ինֆորմատիկա-կիրառական մաթեմատիկա ֆակուլտետների ուսման վարձը նախկին 540 հազարի փոխարեն 700 հազար դրամ է դարձել։ Իրավագիտություն ֆակուլտետում սովորողները նախկին 870 հազարի փոխարեն կվճարեն 1 միլիոն դրամ։ ԵՊՀ-ում սովորելու համար նվազագույնը կես միլիոն տարեկան վարձավճար է պահանջվում։ Ինչպես Կենսաբանության ֆակուլտետի առաջին կուրսեցիներին, այնպես էլ Աշխարհագրութան ֆակուլտետ ընդունված ծաղկահովիտցի Քնարիկ Զատիկյանի համար հեշտ չի լինելու հավաքել այդ գումարը. - «Համ էլ ամբողջական չենք գալիս, դրան էլ գումարած, որ ծնողների կեսից շատը չեն աշխատում»:
Ավելի լավ է դիմակներով, քան հեռավար, Միջազգային հարաբերությունների առաջին կուրսի ուսանողներն այսօր հնարավորություն ունեցան ծանոթանալու դասախոսների ու համակուրսեցիների հետ։ Չնայած բուհի ղեկավարությունը, համեմատականներ տանելով 90-ականների հետ, հիշելով ցուրտ տարիներն ու հացի հերթերը, վստահ է, որ հեռավար դասերից ուսումը չի տուժի, 21-րդ դարի ինտերնետից մեծ կախում ունեցող նոր սերունդը կողմ է առկա ուսուցման. - «Շատ-շատ սխալ է, որովհետև մարդ սենց ասած` տեգրադացվում է»:
Գեղամ Գևորգյանը նոր մրցույթի դեպքում ևս չի առաջադրվի
Կորոնավիրուսի պատճառով խաթարվեց ոչ միայն ուսումնառության ամբողջ գործընթացը, այլ նաև հենց մայր բուհում հետաձգվեց ռեկտորի ընտրությունը։ Մրցույթի ժամկետները վաղուց անցել են, բուհը հիմա դիմել է Արդարադատության նախարարության՝ հասկանալու՝ որ մոտեցումն է ավելի իրավաչափ՝ նոր մրցույթի հայտարարելը, թե արդեն ինքնառաջադրված 5 թեկածուներից ընտրությունը կատարել։ Հինգից մեկը ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը չէ։ Ասում է` դեմ է ընտրովի համակարգին, անգամ նոր մրցույթի դեպքում չի առաջադրվի. - «Այս շարքը տեսնո՞ւմ ես, բոլորը նշանակված են եղել, համալսարանն էլ լավ զարգացրել են»:
Հարցին՝ իսկ եթե օրենքը փոխվի, և մայր բուհի ռեկտորին ոչ թե ընտրեն, այլ նշանակեն, կընդունի արդյոք այդ դեպքում պաշտոնը, Գևորգյանը պատասխանեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի սիրած անեկդոտի ոճով. - «Եթե մորքուրս տղա ծնվեր, քեռի կլիներ, տիպի հարցեր չտալ»: