Այսօր բացվում է Վենետիկի կինոփառատոնը, որը կինոաշխարհի ամենահայտնի ու հեղինակավոր միջոցառումներից է:
Ինքնագիրների մասին երազող երկրպագուների ամբոխ, ջրանցքով շքեղ նավակներով ժամանող սուպերաստղեր և լուրջ դեմքերով կինոքննադատներ ու, իհարկե, բոլորին հետապնդող պապարացիներ. այդպես էր անցյալ տարի, նախանցյալ տարի և նախորդ բոլոր տարիներին ու տասնամյակներին: Բայց 2020-ին աշխարհում ամեն ինչ փոխվել է, կորոնավիրուսը ստիպել է չեղարկել հարյուրավոր միջազգային և ազգային միջոցառումներ, հավաքներ, փառատոներ, մարզական մրցումներ, համերգներ: Ելքը, իհարկե, առցանց ակտիվությունն էր՝ հրաշք գյուտ ինտերնետի միջոցով հաջողվել է իրականացնել մշակութային բազմաթիվ ծրագրեր:
Եվ, այնուամենայնիվ, մարդիկ երազում են ոչ թե վիրտուալ, այլ իսկական միջոցառումների մասին: Վենետիկի այս տարվա կինոփառատոնը կտա այդ հնարավորությունը: Սակայն կազմակերպիչները խիստ արգելքներ են սահմանել:
Իհարկե, կինոաստղերի ոտքերի տակ կլինի հանրահայտ կարմիր գորգը, բայց երկրպագուներին թույլ չեն տա մոտենալ և ողջունել դերասաններին, ռեժիսորներին ու սելֆիներ անել:
COVID-19-ի կապակցությամբ ամենուր տեղադրված կլինեն ախտահանիչներ: Փառատոնի բոլոր մասնակիցներին՝ անկախ աստղի մեծության չափից, պարտադիր ջերմաչափելու են, հանրային բոլոր տարածքները օրվա ընթացքում մի քանի անգամ ախտահանվելու են:
Կգործի նաև սոցիալական հեռավորության պահանջը: Կարմիր գորգի մոտ հավաքված լրագրողներին, ովքեր, որպես կանոն, մեկմեկու հրում են ավելի լավ տեղ գրավելու և ավելի արժեքավոր կադր հավերժացնելու համար, կազմակերպիչները կպարտադրեն միմյանցից հեռու կանգնել: Որտեղ հնարավոր չի լինի սոցիալական հեռավորություն, մարդիկ պարտավոր կլինեն դիմակ կրել: Բացի այդ, դիմակը պարտադիր կլինի հերթերում, ֆիլմերի ցուցադրման, ինչպես նաև մամուլի ասուլիսների ընթացքում:
Իտալիան կորոնավիրուսից ամենատուժած եվրոպական երկրներից է: Կարանտինի ժամանակ Վենետիկը կարծես ուրվականների քաղաք լիներ՝ դատարկ փողոցներ, ջրանցքներ, նավակներ, Սուրբ Մարկոսի հոյակապ հրապարակում և Ռիալտոյի չքնաղ կամրջին մարդ չկար:
Բայց վարակը Իտալիայում նահանջել է, և դրա ամենավառ ապացույցը փառատոնի անցկացումն է՝ առաջին իսկական կինոփառատոնը այս դժնդակ տարվա ընթացքում: