Մատչելիության հղումներ

Հերթական փլուզումը. Շամլուղի հանքավայրի հարևանությամբ բնակվողները վախեցած են


Շամլուղի հանքավայրի հարևանությամբ ապրող ընտանիքներն անհանգստացած են. իրենց տների հարակից տարածքում օրերս տեղի ունեցած հերթական փլուզումից վնասներ են կրել: Տան պատերին նոր ճաքեր են առաջացել։

«Տանն էի, գիշերը 11-ն էր, դումփ-դումփ, ասի` էն ինչ ա, ոչ երկրաշարժի նման էր, ոչ էլ: Դու մի ասի, էնտեղ փլվում ա, մենք էլ չգիտեինք: Առավոտը վեր կացա, ինձ ասեց` լսե՞լ ես, ասում եմ` ի՞նչը, թե բա` էնտեղ փլվել է: Նայեցի, ահագին տեղ փլված», - պատմում է տեղացիներից մեկը, մյուսը հավելում է. - «Ես իմ երեխու հետ նենց էի վախեցել, որ դաժե էտ գիշերով վեր կկենայի, կգնայի, բայց չգանցինք: Առավոտ վեր կացանք, եկանք, տեսանք, որ էսքան բանը կատարվել ա»:

Շամլուղի փակ հանքը խորհրդային տարիներից հետո դադարել էր գործել։ 10 տարի առաջ այն վերագործարկեց նախ «Մեթլ Փրինս» ընկերությունը, ապա «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ն։ Ախթալայի բնակավայր համարվող երբեմնի քաղաքը բազմամետաղ հանքավայրի վրա է։ Դեռ խորհրդային տարիներից ընդերքը արդյունահանելու հետևանքով ժամանակ առ ժամանակ Շամլուղում իջվածքներ են առաջանում։ Բնակիչները մտավախություն ունեն, թե մի օր փլուզումներն իրենց տներին կհասնեն. - «Այ էս կողմից ա, սաղ փլվել ա, վախում ենք, թե մի բան վերցնենք, տեսեք` ոնց ա ճաքած»:

Շամլուղի վարչական ղեկավար Արթուր Աղաբաբյանն անզեն աչքով հաշվարկել է` մոտ 2000 մետր տարածք է փլուզվել։ Ասում է՝ լուծման տարբերակ չի տեսնում։ Համոզված է, թե որոշ ժամանակ անց տարածքը բոլորովին անբնակ կդառնա. - «Այդտեղ տներ կան, որ խորհրդային տարիներին իրենք վճարել են, որ մարդիկ դուրս գան, կան տներ, որ դեռ չեն վճարել: Կան մարդիկ, որ իրենց տանը չեն ապրում, բայց փաստացի էտտեղ բնակվում են: Խնդիրներ կան ամեն դեպքում, բայց որ քննարկվում է, փորձում են լուծումներ գտնել, դա արդեն հաստատ է»:

Շամլուղը հիմնականում հույներով էր բնակեցված։ Դեռ տասնամյակներ առաջ շատերն արտագաղթել են։ Հանքավայրին մոտ գտնվող տներում հիմա փաստացի 7 ընտանիք է ապրում, ընդ որում հիմնականում վերաբնակեցված են։ Արտագաղթած տերերը հանձնել են ուրիշներին՝ տները պահպանելու հույսով։ Բայց հանքավայրը շահագործող Ախթալայի լեռնահաստացուցիչ ֆաբրիկայի ղեկավարներն ասում են, թե ֆաբրիկան այդ տների փաստացի տերերի հետ իրենց հաշիվները մաքրել է դեռ տարիներ առաջ։ Ընկերության արտաքին կապերի բաժնի պետ Գագիկ Շահնազարյանն «Ազատությանն» ասաց՝ բոլոր հանքավայրերում էլ հնարավոր են փլուզումներ։ Ընդ որում պնդում է, թե որևէ հետազոտություն չկա, թե այդ հին տների պատերին առաջացած ճաքերը երբվանից են։ Կասկածի տակ է առնում, թե դրանք նոր են. - «Դեռ էն ժամանակներից էտ բնակելի տներին փոխհատուցումները տվել են, ասել են` գնացեք, քոչեք, մարդիկ չեն գնացել, չեն քոչել սովետական ժամանակներից. չէ՞ որ դա շահագործել են նաև 1960 թվականից էս կողմ: Դե հիմա հարց է ծագում` էտ ճաքերը երբ ա առաջացել, էսօ՞ր, 10 տարի առա՞ջ, 50 տարի առա՞ջ, ե՞րբ, սրանից 15 տարի առաջ էլ սրանից ոչ փոքր տարածք էլի փլուզվել է նույն Շամլուղ գյուղի տարածքում, փլուզվել է, բայց այն ժամանակ աշխատելիս չի եղել հանքը»:

Ընկերության ներկայացուցիչները փշալարերով մեկուսացնում էին փլուզված տարածքը։ Ասացին՝ փակում են մարդկանց և անասունների հնարավոր մուտքը տարածք։ Մինչդեռ Գագիկ Շահնազարյանը պնդում է, թե անգամ եթե նոր փլուզումներ լինեն, դրանք չեն կարող վտանգավոր լինել բնակավայրի համար։ Դրանում, մինչդեռ, բնակիչները համոզված չեն. - «Հիմա օրինակ` մեկը ես վախենում եմ, եթե էնտեղ փլվել է, ես պատահական գնում եմ, իջնում եմ հայաթ, ես ի՞նչ իմանամ` կփլվի՞, թե՞ չի փլվի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG