Մատչելիության հղումներ

Բերդավանի ոսկե մեդալակիրը ճիշտ էր, դասագիրքը՝ սխալ. Նելլի Ազատյանն ուսանող է դարձել


Դեղին, ծաղկավոր շապիկովը բերդավանցի Նելլի Ազատյանն է, դիմորդների բողոքի ցույցերում նրա անունը հաճախ էր հնչում` 12 տարվա գերազանցիկը, սահմանամերձ գյուղի միակ մեդալակիրը: 18.75 միավորով բուհ չի ընդունվել, այժմ նա ուղղություն է վերցրել դեպի Պետհամալսարանի Իրավագիտության բաժին՝ հենց իր երազած բաժնի ուսանող է դարձել:

«Մի պահ կար, որ մտածում էի` կլուծվի, հետո չէ, որովհետև ինձ տարբեր պատասխաններ էին տալիս տարբեր տեղերից, հետո արդեն վերջում գրեթե պարզ էր, որ կլուծվի», - ասում է նա:

Մինչև լավ լուրն ստանալը. սակայն, պայքարել է հուլիսի 18-ից սկսած, հենց այդ օրը ստացավ տհաճ նամակը. - «Հուլիսի 18-ին գիշերը` շատ ուշ, նամակ եկավ, որ դուք չեք ընդունվել բուհ»:

Գյուղում զարմացան.15 հոգանոց դասարանում միակը, որ բուհ չի ընդունվել, գերազանցիկ մեդալակիրն էր, բայց աղջիկը սփոփանքի խոսքեր ընդունելու փոխարեն անցավ գործի՝ նախ բողոք Գնահատման թեստավորման կենտրոն, մերժում առանց հիմնավորման. - «Սկզբնական շրջանում մտածում էի, որ թեստն է սխալ»: Ապա նամակներ նախարարություն ու նախարարին: «Ապրելով սահմանամերձ գյուղում` անգամ թշնամու տեղացող կրակի տակ չեմ բացակայել դասից, մասնավոր չեմ պարապել, իմ արդյունքը բացառապես դասերի ու իմ ինքնուրույն աշխատանքի շնորհիվ է»,- գրել է նախարար Արայիկ Հարությունյանին ուղղված նամակում, ապա խնդրել նրա միջամտությունը, ինչպես նամակում է գրել, որ արդարությունը հաղթի:

Պարզվում է` Բերդավանի դպրոցի դասագրքի ու թեստերի միջև անհամապատասխանություն կա. - «Չգիտեմ` ում գիրքն ա սենց, Բերդավանինը սենց ա, երևի հրատարակչական վրիպակ ա»: Նելլին շտապում է ավելացնել՝ իր դպրոցը կապ չունի՝ միասնական քննության ուղեցույցով պետք է պարապեր` «Զանգակ» հրատարակչության 2014 թվականի դասագրքով, պարզվում է` «Զանգակը» նույն թվականին որոշ խմբաքանակ տպագրել է հին` 2009-ի բովանդակությամբ, ու ստացվել է, որ Նելլին լավ չի կոնկրետացրել, թե ով է վերացրել Բյուզանդիայի հենակետերը Կիլիկիայում. - «Թեստում նշվում է պնդումը, որ Բյուզանդիայի վերջին հենակետերը Կիլիկիայում վերացրել է Ռուբեն Երրորդը, իսկ գրքում նշվում է ուղղակի Ստեփանի որդի Ռուբենը, Երրորդը չի նշվում կոնկրետ»:

Աղջիկը գրել է այնպես, ինչպես իր դասագրքում է, բայց ստացվել է, որ մի ուրիշ դասագիրք էլ կա. արդյունքում Նելլին կես բալ է կորցրել և չի ընդունվել նախընտրելի՝ Իրավաբանական բաժին: Ստեփանեի որդի Ռուբենի հարցը քննարկվել է նախարարությունում, ու որոշվել՝ բերդավանցի շրջանավարտը ճիշտ է, նա պետք է վերականգնի իր կես միավորն ու ուսանող դառնա: Մոտ երկու շաբաթ առաջ նախարարությունը քաղաքացի Նելլի Ազատյանի ուսանող դառնալու մասին տեղեկությունը ծրարել և ուղարկել է Բերդավան: Նելլին այս պայքարը համարում է իր առաջին հաղթանակը իրավաբան դառնալու ճանապարհին:

Ի դեպ, ողջ ընթացքում չի համաձայնել զբաղեցնել թափուր տեղեր այլ մասնագիտությամբ կամ սովորել հեռակա, մտածել է միայն առկա իրավագիտականի մասին, այս պահին փաստաբանի մասնագիտությունն է գերադասում. - «Առայժմ հա, բայց ես կարող ա փոշմանեմ ընթացքում, չգիտեմ»:

Արդար քրտինքով 19.25 միավոր վաստակած Նելլի համար, սակայն, կրթությունը վճարովի է՝ տարեկան մեկ միլիոն դրամ: Նպաստառու ընտանիքում միայն հայրն է աշխատում, պայմանագրային զինծառայող է. - «Զեղչեր կան, մենք օգտվում ենք փարոսից, իմ մինչև 19 տարեկան լրանալը մենք ստանալու ենք այդ փարոսը: Ըստ դրա, կարծեմ, մեզ հասնում է մինչև հիսուն տոկոս զեղչ, դրանից հետո որպես սահմանապահ գյուղից 30 տոկոս զեղչ»:

Կլորիկ գումար, սակայն, պետք է վճարեն, Նելլին ասում է` սարում տատիկը, պապիկն անասուն են պահում, կօգնեն, մինչև ինքն աշխատի: Միայն թե ինքը երրորդ օրն է, ինչ ոտք է դրել քաղաք, Բերդավանից 200 կիլոմետր հեռու, դեռ հարմարվում է, համալսարանի շենքը փնտրելիս մի քիչ էլ մոլորվել էր. - «Իմ տունն էնտեղ ա, անսովոր ա էստեղ, բայց դե ոչինչ կսովորեմ ժամանակի ընթացքում»:

Ընկերուհու՝ նոյեմբերյանցի Ալլայի հետ տուն են վարձել, արտերկրում գտնվող հայրենակիցն ընդառաջել ու հարմար գին է առաջարկել. - «Ծանոթի տուն էր»: Աղջիկներին տեղավորելու եկած Ալլայի մայրիկի հետ տունը փայլեցրել ու գիծը գծին դասավորել են, մնում է` անցնեն մշտական գործին՝ լավ սովորելուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG