Հայաստանը քայլեր է ձեռնարկում Ադրբեջանի նկատմամբ օդային գերակայություն ձեռք բերելու համար, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարության ռազմական կրթության վարչության պետ, փոխգնդապետ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառանալով պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությանը, թե նախատեսվում է Су-30СМ կործանիչների նոր խմբաքանակ ձեռքբերել։
Իսկ եթե տեսնում ես կոնկրետ առարկայական քայլեր, դա արդեն հստակ քայլեր են, ոչ թե զուտ նպատակ: Որովհետև չորս Су-30-ների առկայությունը մեր ռազմաօդային ուժերով արդեն խոսում է դրա մասին: Արդեն այս պահին մեր չորս միավոր Су-30-ները կարելի է ասել ինչ-որ առումով մրցակցությունից դուրս են և օդային գերակայության ապահովման համար արդեն լուրջ հայտ են ներկայացրել: Եվ դա շարունակական լինելով, արդեն լիարժեք կապահովի էն պլանները, էն ցանկությունները, որ մենք դրել ենք օդուժի զարգացման հիմքում... Օդուժի պարագայում դա զուտ մաթեմատիկական առավելություն չի: Եթե, օրինակ, չորս միավոր Су-30-ները լուծում են x խնդիր, ութ միավորը պարտադիր չէ, որ լուծեն 2x խնդիր, արդեն ութ միավորը կարող է լուծել 3-4 x խնդիր, տասներկու միավորը` բազմապատիկ ավելի անգամ», - մանրամասնեց Հովհաննիսյանը:
«Ազատության» «Կիրակնօրյան վերլուծականի» հետ զրույցում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը երեկ հայտարարեց, որ Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունում շատ մեծ դինամիկա կա, իսկ օդուժի մասով այդ համագործակցությունն աննախադեպ որակեց։
Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը նաև հիշատակեց հայաստանյան Су-25 ռազմական չորս ինքնաթիռների արդիականցման պայամանագիրը, որը կնքվեց մեկ շաբաթ առաջ Մոսկվայում. – «Նախատեսվում է Су-30-ի նոր խմբաքանակի ձեռք բերում: Էս պահին բանակցություններ են ընթանում»:
Սանկտ Պետերբուրգում գործող ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանի խոսքով, սպասվում է, որ Հայաստանը Ռուսաստանից ձեռք կբերի ընդհանուր առմամբ տասներկու Су-30СМ կործանիչներ։ Չորսն արդեն Հայաստանում են, կկնքվի ևս չորսի վերաբերյալ պայմանագիր, հետո՝ մյուս չորսի։
Ըստ Ներսիսյանի, նման ձգձգումը պայմանավորված է գլխավորապես երկու գործոնով՝ Հայաստանին ժամանակ է հարկավոր ենթակառուցվածք ու օդաչուներ պատրաստելու համար, և ֆինանսական տեսանկյունից ավելի նպատակահարմար է աստիճանաբար գնել թանկարժեք ինքնաթիռները. – «Ինչ վերաբերում է, թե նման կործանիչների ձեռքբերումը ինչ ազդեցություն կթողնի Հայաստան-Ադրբեջան ուժերի հարաբերակցության վրա, ապա ակնհայտ է, որ մինչ այս գնումը Ադրբեջանն օդուժի տեսանկյունից անգամներով գերազանցում էր Հայաստանին։ Թեև պետք է նշել, որ այդ օդուժը, չնայած իր մեծաքանակ լինելուն, ի վիճակի չէր արդյունավետ գործել բավականին ուժեղ հայկական հակաօդային պաշտպանության առկայության պայմաններում, և անգամ 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ տեսանք, որ ուղղաթիռներ օգտագործելու առաջին իսկ փորձը տապալվեց, և ադրբեջանական օդուժն այլևս չօգտագործվեց։ Այսօր տեսնում ենք, որ Հայաստանն այնպիսի ինքնաթիռներ է գնել որոնք կարող են օգտագործվել հակառակորդի ուժեղ հակաօդային պաշտպանության պայմաններում, որովհետև այդ ինքնաթիռներն ունեն այնպիսի զենք, որը թույլ է տալիս մեծ հեռավորությունից ճշգրիտ հարվածներ հասցնել և մուտք չգործել հակառակորդի հակաօդային պաշտպանության գոտի։ Բացի այդ, Су-30 СМ-ները կարող են կրել հակատեղորոշիչ հրթիռներ և արդյունավետ կերպով ճնշել հակառակորդի հակաօդային պաշտպանության համալիրները ավելի քան 200 կիլոմետր հեռավորությունից։ Այսինքն, սա որակապես նոր սպառազինություն է, և այսօր Ադրբեջանը նման հնարավորություններ չունի»։
Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցությունը շարունակում է հարուցել պաշտոնական Բաքվի սուր ու հրապարակային դժգոհությունը։ Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ շուրջ քսան օր առաջ կայացած հեռախոսազրույցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պնդել էր, թե հուլիսի 17-ից սկսած Մոսկվան Հայաստանին շուրջ 400 տոննա ռազմական նշանակության բեռ է մատակարարել։ Այնուհետև Բաքու ժամանեց Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
«Տրված պատասխանները մեզ չեն գոհացրել»,- Շոյգուի այցից հետո հայտարարեց Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի կարծիքով, 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո Ռուսաստանը սկսեց ավելի շատ հաշվի նստել Հայաստանի շահերի հետ և ռազմատեխնիկական ոլորտում նման համագործակցությունը վկայություններից մեկն է. – «Ռուսաստանում սկսեցին հասկանալ, որ հնարավոր չէ ամբողջ քաղաքականությունը կառուցել Հայաստանի հաշվին: Թավշյա հեղափոխությունից հետո այս իրավիճակը է'լ ավելի խորացավ, նկատի ունեմ հայկական շահերի ամրապնդման և հաստատագրման վիճակը: Եվ Ռուսաստանը է'լ ավելի առերեսվեց էս հանգամանքի հետ: Սրան էլ գումարվեց այն, որ աշխարհակարգային իմաստով հիմա Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունը ռազմավարական գործընկերության տրամաբանությունից աստիճանաբար ավելի անցնում է մրցակցության տրամաբանության»: