Մատչելիության հղումներ

Դատավորները հակաիշխանական լուրջ ճակատ են կազմել. Արամ Մանուկյան


Դատավորները հակաիշխանական լուրջ ճակատ են կազմել, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց «Հայ ազգային կոնգրես»​ կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը:

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Որքանո՞վ է արդարացի հանրային պահանջը կամ դժգոհությունը, որ Փաշինյանը բարեփոխումների հարցում վճռական չէ, հապաղում է:

Արամ Մանուկյան. - Մենք շատ սպասում էինք և փորձում էինք օգնել, փորձում էինք աջակցել, որ այդ ռեֆորմները գնան, որովհետև հեղափոխության իմաստը դա էր՝ մաքրել հին ավգյան ախոռները, բերել այն վիճակի, ինչ նախասերժական, նախառոբական վիճակ էր, գոնե բերվեր այդ վիճակին: Մասնավորապես՝ բոլոր ռեֆորմները, որի մասին խոսել ենք, որին սպասել ենք, սկսվել են ու կիսատ են մնացել բոլորը՝ դատական ռեֆորմ, արդարադատության անցումային շրջան՝ ասվեց ու չարվեց, վեթինգ՝ ասվեց ու չարվեց, գնացինք, ոգևորվեցինք, ելույթ ունեցանք, ցուցակ տվեցինք, Մարտի 1-ի ամբողջ հանցակազմի ցուցակը տվել եմ դատախազների, դատավորի, բոլորին, չկա ոչ մի արձագանք:

Մենք սպասում էինք՝ արտաքին ոլորտում փոփոխություններ կլինեն, խոսում էին, որ նույնիսկ 1,5 տարի առաջ դեսպաններ պետք է փոխվեն, այն դեսպանները գոնե, որոնք Մարտի 1-ի կամ ընդհանրապես նախորդ իշխանությունների հանցագործությունները յուղով դրականով մատուցել են եվրոպական կառույցներին, այդ մարդիկ հիմա էլ են աշխատում: Այսինքն արտաքին դիվանագիտական բլոկում ոչինչ տեղի չի ունեցել՝ ո՛չ մարդկային առումով, ո՛չ բովանդակային առումով, մինչև հիմա ոչ մեկը չգիտի՝ որն է Ղարաբաղի հարցի լուծման կոնցեպցիան, ոչ թե լոզունգը:

«Ազատություն». - Իշխանությունների արձագանքը սա է՝ «հիմա էլ մենք պետք է զանգե՞նք դատավորներին, կա ծրագիր աստիճանաբար անում ենք այդ բարեփոխումները»:

Արամ Մանուկյան. - Վեթինգ ասվածը չկա այսօր, անցումային արդարադատությունը, որը ինքնստինքյան արագություն է պահանջում, անցումային արդարադատության իմաստ դա է, որ անցած երկար 10-20 տարների կեղտն արագ մաքրես ու անցնես առաջ: Այսինքն անցումային արդարադատությունը աճապարանքի, արագացված ռեժիմի գործընթաց է, որ պետք է արագ անես: Երկու տարի հետո անցումային արդարադատության մասին արդեն անիմաստ է խոսել, երբ հեռանում ես էլ կարիք չկա, որովհետև այդ դեպքում պետական ստրուկտուրան պետք է սկսի աշխատել:

«Ազատություն». - Արգելակո՞ւմ են դատավորները բարեփոխումները:

Արամ Մանուկյան. - Դատավորները ոչ միայն արգելակում են, դատավորները կարող են արդեն հակաիշխանական բլոկի լուրջ բևեռեր կազմել, ճակատ կազմել և ձայնակցել լրատվամիջոցների հետ, որոնք լրջագույնս վնասում են այս իշխանությանը և ռեֆորմների իրականացմանը, որի մասին խոսում ենք: Այսինքն այսօր Հայաստանում առաջանում են բևեռներ, և անում են, որոնք կարող են ռեալ խոչընդոտ հանդիսանալ ռեֆորմներին, եթե իշխանությունը ուզում է ռեֆորմներ անել: Էլի ուսերս բարձրանում է վեր, երբ տեսնում եմ՝ Սերժ Սարգսյանն ասուլիս է տալիս, Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն ասուլիս է տալիս, այսքան հոդվածները սպասում է դատարանում ընթերցելուն, այլ սովորեցնում է նույնիսկ: Սա ոչ այլ ինչ է, քան քամահրանք Մարտի 1-ին, քամահրանք այն ազատված ազատամարտիկներին, այն մարդկանց, ովքեր որ այսօր դատված են:

«Ազատություն». - Պարոն Մանուկյան, դատ է գնում, ի՞նչ եք ուզում, որ վարչապետը զանգի դատավորին ասի՝ փակեք Քոչարյանին:

Արամ Մանուկյան. - Բացարձակ չկա այն սպասելիքները, որ հեսա այդ դատական գործը կսկսվի, ներող կլինեք, օրինակ, հիշո՞ւմ եք Ռոբերտ Քոչարյանն անցյալ տարի, որ ուզում էր ասուլիս կազմակերպեր, տապալվեց, որովհետև հասարակությունն ըմբոստացավ: Մի քանի օր առաջ, որ Սերժ Սարգսյանն ասուլիս էր տալիս որևէ այդպիսի բան զգացի՞ք, չկար, այսինքն հասարակության մոտ այդ սպասելիքները, այդ հույսը, այդ ակնկալիքները, այդ սերը, որ ինքը քվեարկել է, իր քվեարկածից սպասում է, այլևս սպառվում է այդ, իսկ այս մարդիկ, որ պարտավոր են այդ կրակը պահել և այդ գործն անել հանուն այն ժողովրդի, որ ոգևորված եկել է, ձայն է տվել, էդ հասարակական սպասումը մարում է, մսխվում է, թուլանում: Քանի որ Նիկոլ Փաշինյանն այլ ուժ չունի, քան այդ քվեարկությունն է և այլ ուժ չի էլ ուզում ունենա, քան այդ քվեարկությունը, այդ քվեարկությունը կարող է շատ արագ սպառվել:

Շատ ճիշտ կլինի, շատ լավ կլինի, և դա կլինի օրինաչափ ու բնական, եթե այս խորհրդարանն, այս իշխանությունը նորմալ ընթացքով հասնի իր վերջին, իրեն տրված լեգիտիմ մանդատն օգտագործի, բայց օգտագործի այնպես, որ հետո գնա այդ նույն քաղաքացուն ասի՝ եղբայր, ես 5 տարի առաջ ինչ խոստացել էի արել եմ, այսքանը չեմ արել:

2,5-ը անցել է, ես կարծում եմ, պետք է նստի «Իմ քայլը» լավ հաշվարկի՝ ինչ է արել, ինչ չի արել, հաշվարկի և զեկուցի ժողովրդին՝ ոնց եղավ, որ 100 քրեական գործ հարուցվեց, դեռ մեկը դատարանի վճռի չի հասել:

«Ազատություն». - Մարտի 1-ի դատավարությունը բավական կոշտ քննադատություններ են հնչում, որ արդեն Քոչարյանն է ղեկը ձեռքը վերցրել դատավարության, բայց մյուս կողմից ամբաստանյալի իրավունքն է միջնորդություններ ներկայացնել:

Արամ Մանուկյան. - Իսկ իշխանության իրավունքն է պաշտպանել նրանց, ովքեր տուժող են:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG