Հազարավոր մարդիկ երեկ բողոքի ցույց են անցկացրել Վաշինգտոնում` ռասայական խտրականության ու ոստիկանական ամենաթողության դեմ:
Ցուցարարները հավաքվել են նախագահ Լինկոլնի հուշահամալիրի մոտ, որտեղ 1963-ին` ճիշտ նույն օրը, օգոստոսի 28-ին, հավասարության համար պայքարի առաջամարտիկներից մեկը` Մարթին Լյութեր Քինգը աջակիցներին էր դիմել իր հայտնի` «ես մի երազանք ունեմ» ուղերձով:
Երեկվա ցույցի կարգախոսն էր` «ծունկդ ետ տար մեր վզից»` ի հիշատակ սևամորթ Ջորջ Ֆլոյդի, ով ամիսներ առաջ շնչահեղձ էր եղել Մինեապոլիսում, երբ սպիտակ ոստիկանը ծունկը մոտ ութ րոպե սեղմել էր նա վզին:
Մայիսին տեղի ունեցած այդ միջադեպից հետո բազմահազարանոց ցույցեր են սկսվել ողջ երկրով մեկ: Որոշ դեպքերում դրանք ուղեկցվում են նաև անկարգություններով ու ոստիկանների հետ բախումներով, ինչը դարձել է ներքաղաքական բանավեճերի գլխավոր թեմաներից մեկը` նոյեմբերի 3-ին նշանակված նախագահական ընտրությունների քարոզարշավում: