Մատչելիության հղումներ

Վերաբացված Չարենցի տուն-թանգարանը վաղը կանցկացնի առաջին միջոցառումը


Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյան
Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյան

Եղիշե Չարենցի տուն-թանգարանը դռները այցելուների առաջ բացել է օգոստոսի 20-ից՝ պահպանելով պարետի որոշմամբ սահմանված բոլոր կանոնները, և այսուհետ կշարունակի իր բնականոն գործունեությունը, կիրականացնի նախատեսված բոլոր միջոցառումները:

Արդեն վաղը` օգոստոսի 28-ին տուն-թանգարանում տեղի կունենա վերաբացումից հետո առաջին շնորհանդեսը: Ինչպես շեշտում էր «Ազատության» հետ զրույցում թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը, վաղը շնորհանդեսը կանցկացվի թանգարանի «Կարմիր տան այս օրը» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը շարունակական է և շատ ուշագրավ:

Ժաննա Մանուկյան. – Այդ ծրագիրը տարիներ առաջ է մեկնարկել, և այսօր էլ մենք այդ ավանդույթները շարունակում ենք` հաշվի առնելով հասարակության արձագանքը ծրագրի հետ կապված: Այս անգամ կլինի հանդիպում մեր մեծանուն բանաստեղծ Ավետիք Իսահակյանի թոռան` Ավիկ Իսահակյանի հետ: Հանդիպման ընթացքում կկայանա նաև նրա երկերի ակադեմիական հրատարակության 11-րդ հատորի շնորհանդեսը: Իհարկե, հրավիրել ենք քիչ թվով մասնակիցներ, և բաց է հասարակության համար: Տեղերը, իհարկե, խիստ սահմանափակ են, նախապես գրանցվել են»:

«Ազատություն». - Ինչո՞ւ է կոչվում «Կարմիր տան այս օրը»:

Մանուկյան. – Չարենցը ինքը իր տունը անվանել է կարմիր տուն, և այստեղ իր աշխատասենյակն ամբողջովին կարմիր գույներով է զարդարված: «Կարմիր տան» շրջանակներում ի՞նչ հետաքրքիր ծրագրեր կարող են իրականանալ: Դա ավանդական բնույթ կրող ծրագիր է, և, քննարկելով ընդհանուր աշխատակազմի հետ, որ այն մեծ արձագանք ունի հասարակության կողմից, որոշել ենք ծրագիրը ավանդական ձևով շարունակել: Հանդիպումներ կլինեն մեր մեծանուն մարդկանց հետ, նաև հետաքրքիր թեմաներին նվիրված հանդիպումներ կլինեն: Օրինակ, ինչ-որ մի շրջանի գրականությանը կամ արվեստին նվիրված, կամ հայկական մանրանկարչությանը նվիրված և այլն:

«Ազատություն». – Առաջիկայում ի՞նչ միջոցառումներ ունեք:

Մանուկյան. – Հիմա թանգարանի կողմից մշակվում են գիտակրթական ծրագրեր տարբեր տարիքային խմբերի համար: Եվ հուսով եմ թանգարանը կկարողանա բոլոր տարիքային խմբերի ցանկությունը և նրանց սպասելիքները բավարարել: Դրա մասին մի քիչ ավելի ուշ»

«Ազատություն». - Ինչպիսի՞ն է վերաբացվելուց հետո այցելությունների քանակը:

Մանուկյան. – Անկեղծ ասած, որ ասեմ շատ ակտիվ է, չէ: Բայց ունենք այցելուներ: Օրական, իհարկե, քիչ թվաքանակով, բայց և' զանգերը, և' ընդհանուր արձագանքը էնպիսին է, որ կարիք կար, որ թանգարանները իրականում բացվեին: Եվ դա ոչ միայն այցելուների հոգևոր սնունդը բավարարելու համար էր, այլ նաև թանգարանների հետագա աշխատանքի զարգացումը բարելավելու համար, որովհետև երկկողմանի փոխշահավետ գործունեություն կարող է իրականանալ թանգարանների բացման հետ կապված: Հուսով, որ առաջիկայում միջոցառումները, որ կկազմակերպվեն ոչ միայն մեր թանգարանում, այլ նաև մյուս թանգարաններում, կհետաքրքրեն մեր հասարակության բոլոր խմբերին, և արդեն մշակության և, մասնավորաբար, թանգարանային կյանքը կակտիվանա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG