Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 203-ով, բուժվածներինը՝ 262-ով, գրանցվել է մահվան ևս 3 դեպք


Բուժաշխատողներ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, արխիվ
Բուժաշխատողներ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, արխիվ

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 203-ով՝ հասնելով 43 հազար 270-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 3 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 262-ով և հասել 36 հազար 988-ի:

Ըստ նույն աղբյուրի՝ իրականացվել է 1938 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 200 հազար 507-ի:

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հաղորդում է. - «Պացիենտները եղել են 75 (կին), 98 (կին) և 80 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 864-ի, ևս 265 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 5 հազար 153 մարդ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստի մեկնարկին մասնավորապես հայտարարեց. - «Արդեն գործնականում 6 օր մենք ունեինք ամենօրյա դեպքերի 200-ից նվազ դեպք: Երեկվա ցուցանիշը մի փոքր բարձր է՝ 203 ենք ունեցել, իհարկե, նաև հետազոտությունների շատ մեծ թիվ ենք ունեցել՝ 1938 հետազոտությունից»:

«Ըստ էության, կարող ենք ասել, որ նախորդ շաբաթվա տվյալներով դեպքերի նվազման միտումը, որ կանգ էր առել, կարծես թե նորից սկսում է շարունակվել, և սա կապված է բացառապես հակահամաճարակային կանոնների պահպանման որակով, որը մեզնից յուրաքանչյուրի անհատական վարքագծից է կախված», - նշեց վարչապետը՝ կրկին կոչ անելով առավելագույնս նախանձախնդիր լինել հակահամաճարակային կանոնների պահպանման գործում՝ «մանավանդ որ մենք այդ կանոնների որոշակի թուլացում ենք ունեցել»:

XS
SM
MD
LG