Մատչելիության հղումներ

ՀԱԷԿ-ը վերանորոգումից հետո միացվել է Հայաստանի միասնական էներգահամակարգին


ՀԱԷԿ, արխիվ
ՀԱԷԿ, արխիվ

Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) թիվ 2 էներգաբլոկի թիվ 3 և թիվ 4 տուրբագեներատորները պլանային նախազգուշական վերանորոգումից (ՊՆՎ-2020) հետո դուրս են եկել հզորության էներգետիկ մակարդակ և միացել Հայաստանի միասնական էներգահամակարգին, հաղորդում է «Ռոսատոմ»-ի մամուլի ծառայությունը:

«Պլանային նախազգուշական վերանորոգման շրջանակում ավարտվել են աշխատանքներ ռեակտորային և տուրբինային արտադրամասերում, ինչպես նաև կենտրոնացված վերանորգոման արտադրամասում։ Իրականացվել է կառավարման համակարգերի քարշակների և ռեակտորի պաշտպանության գործիքային հետազոտությունը, ինչպես նաև մետաղի չքայքայող վերահսկման սարքերի ստուգումը։ Կատարած աշխատանքները թույլ են տվել էապես բարձրացնել էներգաբլոկի շահագործման անվտանգության և հուսալիության աստիճանը», - նշված է հաղորդագրությունում:

Հայկական ԱԷԿ-ի պլանային նախազգուշական վերանորոգումն ավարտվել է նախատեսված ժամկետից 12 օր շուտ, ընդգծում է «Ռոսատոմ»-ի մամուլի ծառայությունը:

ՀԱԷԿ-ը, հիշեցնենք, պլանային վերանորոգման էր կանգնած հուլիսի 1-ից, նախատեսվում էր, որ աշխատանքները կտևեն 65 օր:

ՀԱԷԿ-ի պլանային նախազգուշական աշխատանքների կատարման և սարքավորումների արդիականացման գլխավոր կապալառուն «Ռուսատոմ Սերվիս» մասնագիտացված ընկերությունն է, որը «Ռոսատոմ» պետկորպորացիայի էլեկտրաէներգետիկ ստորաբաժանման մասն է։

«Արդեն հինգերորդ տարի Հայկական ԱԷԿ-ը համատեղում է պլանային նախազգուշական վերանորոգումը կայանի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացման հետ, քանի որ միջոցառումների մեծ մասը տեխնոլոգիապես հասանելի է միայն կանգնեցված էներգաբլոկում։ ՊՆՎ ավարտից հետո Հայկական ԱԷԿ թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի աշխատանքները կշարունակվեն», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG