Փոքր Վեդիի մշակույթի տան տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Խաչատրյանը հերքում է ուսուցիչների և ավագանու որոշ անդամների պնդումները, թե ինքը դպրոցի միակ տղամարդն է՝ թվելով ևս 4 աշխատակցի անուն։
Երկու օր առաջ Արարատի մարզի այս համայնքում ուսուցիչներն ու ավագանու մի քանի անդամներ բողոքի ակցիա էին կազմակերպել` հայտարարելով, թե տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը երաժշտական կրթություն չունի, նրան նշանակելիս ուսուցիչների կարծիքը հաշվի չեն առել։
Ավագանու անդամներից մեկը նույնիսկ պնդել էր, թե տնօրենի՝ տղամարդ լինելու հանգամանքը կխանգարի կին աշխատակիցներին. – «Տղամարդիկ, ամուսինները չեն թողելու, որ իրենց կանայք տղամարդու հետ առանձին նստեն սենյակում, երեք ժամ քննարկեն: Խնդիր ա լինելու»:
Խաչատրյանը հակադարձում է. – «Չեմ կարծում, որ մի քանի ժամ քննարկումներ լինի: Եթե հարկ առաջանա քննարկումների, մենք կարող ենք ուղիղ եթերի առկայությամբ քննարկենք: Էսօր տեխնիկայի դար ա, և իրանք կարող են տանից տեսնել, թե ինչ ենք քննարկում: Մեր քննարկումները չի կարող լինել փակ, մենք բաց ենք հասարակության հանդեպ»:
Համայնքում բողոքի ակցիաների հերոս դարձած Խաչատրյանը, սակայն, հրաժարական չի պատրաստվում տալ, փոխարենը կանանց առաջարկություններ է անելու, թե ինչպես կազմակերպեն համատեղ աշխատանքը։
Երեք երեխաների հայր, 41-ամյա Խաչատրյանը մի քանի րոպե շարունակ թվարկեց, թե որտեղ է սովորել, որտեղ աշխատել, ինչ մասնագիտություն է ձեռք բերել. – «Մանկավարժ, մաթեմատիկ, կառավարիչ, հաշվապահ... Եղան մարդիկ, որ նույնիսկ արտահայտվեցին` դու դաշնամուր նվագել չգիտես, այլ գործիք նվագել չգիտես։ Բայց օրենքը չի պահանջում, որ արվեստի ՀՈԱԿ-ի տնօրենը լինի դաշնակահար կամ պարուսույց: Միայն պահանջում է, որ պետք է ունենա բարձրագույն մանկավարժական կրթություն և ունենա համապատասխան ստաժ, որը ես ունեմ»:
Խաչատրյանին մշակույթի տան ժամանակավոր տնօրեն նշանակած համայնքապետ Նորիկ Մարտիրոսյանի խոսքով, նախորդ տնօրենը պաշտոնից ազատվել է աշխատանքային պարտականությունները պատշաճ չկատարելու պատճառով: Լիազորություններից զրկվելու համար նախկին տնօրենը դիմել է դատարան, և համայնքապետը չի բացառում, որ նա կարող է դատարանի վճռով վերականգնվել նախկին պաշտոնում:
Բողոքի ակցիա իրականացնող ուսուցիչներն ու ավագանու անդամներն այսօր հրաժարվեցին խոսել «Ազատության» հետ` ասելով, թե քննարկումների մեջ են և որոշել են իրենց վերջնական դիրքորոշումը երկուշաբթի հայտնել։