Համավարակային այս 5 ամիսների ընթացքում փակ մնալուց հետո Ազգային պատկերասրահն այսօր առավոտյան բացեց դռները այցելուների առաջ:
Թանգարանների գոր ծունեության վերսկսման պարետի որոշմամբ աստիճանաբար իրենց դռները կբացեն նաև մյուս թանգարանները, իհարկե` պահպանելով հակահամավարակային բոլոր կանոնները:
Ազգային պատկերասրահի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մարինա Հակոբյանը «Ազատության» հետ հարցազրույցում ընդգծում էր, որ ամիսներ փակ մնալուց հետո այսօր ոչ թե տոնական օր է, այլ իսկական տոն է պատկերասրահի աշխատակիցների համար:
Մարիա Հակոբյան. – Այսօր արդեն բավականին այցելու ունենք: Ճիշտ ասած, կոնկրետ տոն է դարձել մեզ համար: Որովհետև այդքան ամիս որ հնարավորություն չունեինք այցելու ընդունելու, զանգերը շատ-շատ էին` ի ուրախություն մեզ: Եվ այսօր առավոտյան 11-ից դռները բացվել են, և այցելուներից տեղ ու դադար չկա: Հերթը աշխատում ենք մաքսիմալ պահել, որպեսզի չխախտենք հակահամաճարակային կանոնները: Հատկապես մեծ հոսք է գալիս Պիկասոյի ցուցահանդեսի ցուցադրությունը դիտելու համար, քանի որ ընդամենը չորս օր է մնացել ցուցադրությանը: Դրա հետ կապված, մենք սովորաբար մինչև 5-ն անց կես ենք աշխատում, բայց այս չորս օրը մինչև 8-ն անց կես ենք աշխատելու:
«Ազատություն». – Քանի որ մի քանի ամիս համավարակի պատճառով չեք աշխատել, չե՞ք կարող երկարաձգել ցուցահանդեսը:
Հակոբյան. – Ցավոք սրտի, կարծում եմ ոչ: Որովհետև Ալեքսանդր Շադրինը` հավաքորդը, ում հավաքածուն ենք ցուցադրում, արդեն սրտատրոփ սպասում է, թե երբ է կարողանալու տանել, որովհետև ինքն էլ բազում պայմանավորվածություններ այլ երկրներում ունի ցուցադրությունների հետ կապված:
«Ազատություն». – Իսկ դուք ապահովվա՞ծ եք հակահամաճարակային բոլոր նյութերով:
Հակոբյան. – Իհարկե: Երեկ մինչև գիշերվա 11-ը մենք ամբողջ շենքը` ութ հարկ, հնարավորինս պատրաստել ենք և' նշագծումներով, և' ապտահանիչ բոլոր միջոցներով:
«Ազատություն». – Առաջիկա ի՞նչ ծրագրեր ունեք:
Հակոբյան. – Ծրագրեր բավական շատ ունենք արդեն: Ամենակարևորը մենք մասնաճյուղերի ուղղությամբ ենք որոշել աշխատել այս պահին, քանի որ մեր թանգարանում մենք պետք է ներդնենք ջերմախոնավային համակարգ, և հնարավոր է որոշ ժամանակ նորից թանգարանը փակվի այցելուների համար: Եվ այդ ընթացքում մենք մտադիր ենք մեր մարզային ոլորտը ակտիվացնել: Սկսելու ենք Վաղարշապատում գտնվող մեր մասնաճյուղից` Մհեր Աբեղյանի թանգարանից: Շուտով ավելի մանրամասն ծրագիրը կներկայացնենք: Նաև այս տարի մեր մեծ դասական Եղիշե Թադևոսյանի 150-ամյակն է, դրան միտված ծրագրեր ունենք, և մեկնարկը ծրագրերի սկսելու ենք իր ծննդավայր Վաղարշապատից:
Հարցազրույն ամբողջությամբ կարող եք լսել այստեղ․