«Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան»-ը հորդորում է ստեղծել Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողով և քննել Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի արած հայտարարությունները՝ արդյոք նա թույլ չի՞ տվել էթիկայի կանոնների խախտում իր վերջին հարցազրույցներից մեկում՝ «թե՛ լեզվական դրսևորումներով, թե՛ արտահայտած բովանդակությամբ»։
Այդ առնչությամբ Ալեն Սիմոնյանն «Ազատության» հետ զրույցում ասաց. - «Կարծում եմ և պնդում եմ, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունը և Հայաստանի Հանրապետությունը որևիցե արտաքին միջամտության պարագայում ստանալու է շատ բիրտ պատասխան: Վիրավորանքի պարագայում, ես կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ Ջորջ Սորոսը, որը որ ենթադրաբար վիրավորվել է և իր գրասենյակի միջոցով տարածել է նման հայտարարություն, դիմի դատարան հայցով իմ դեմ»:
«Հրապարակ»-ին տված հարցազրուցում Սիմոնյանը պատասխանել էր հարցին, թե ինչո՞ւ են «Իմ քայլ»-ին մեղադրում Սորոսի հիմանդրամի հետ կապ ունենալու մեջ: Նա Ջորջ Սորոսին անվանել էր «կիսամեռ բիձուկ», ապա նշել. - «Սորոսը, իր հերը կամ որևիցե մեկը ո՞ւմ շունն են, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանության վրա ազդեցություն ունենան։ Հայաստանի վրա ազդեցություն ունի միայն ՀՀ քաղաքացին»։
«Այո, իմ մոտ տպավորություն է ստեղծվել, որ որոշ մեր, այսպես ասած, ընդդիմախոսների մոտ տպավորություն կա, որ իրոք որևիցե գրասենյակ կարող է ազդեցություն ունենալ, որը սին տպավորություն է, և յուրաքանչյուր հարմար առիթով ցույց է տրվելու այդ, այսպես ասած, կարծիքի սին լինելը», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Ալեն Սիմոնյանը:
«Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան»-ի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը հակադարձում է՝ իրեն մտահոգում է, որ Հայաստանի լեգիտիմ խորհրդարանի մեծամասնության ներկայացուցիչը նման բառապաշարով է խոսում և նման դիրքորոշում հայտնում մի կազմակերպության մասին, որը 1997 թվականից ի վեր աջակցում է Հայաստանում ժողովրդավարության կայացման գործընթացին։
«Փոխխոսնակը այդ որակի է իջեցնում դիսկուրսը հանրային, որը առանց այն էլ իջած է, աննախադեպ «ցածրունքներ» է նվաճել», - «Ազատության» հետ զրույցում նշեց Մինասյանը:
Վերջին մեկուկես տարիներին իշխանությունն ու կոռուպցիոն հնարավորությունները կորցրած տարբեր ուժեր աննախադեպ տեղեկատվական արշավ են սկսել «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի դեմ, ասում է Լարիսա Մինասյանը, շարունակելով, որ իր կարծիքով՝ այդ արշավն իրականում ուղղված է հենց «Իմ քայլ»-ի դեմ։ «Սեփական հեռուստաալիքների եթերից նրանք ջանքեր են գործադրում համոզելու մարդկանց, թե հեղափոխությունն իրականում դրսի ուժեր են արել՝ այդպիսով փորձելով նվազեցնել Կառավարության հանդեպ հանրային վստահության մակարդակը», - ասում է «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան»-ի տնօրենը, - «Թիրախը այդ վստահությունն է և թիրախը վերջիվերջո իշխանությունն է, որը որ կորցրած ուժը կանի ամեն ինչ, և մենք տեսնում ենք, որ անում է ամեն ինչ, որ վերադառնա: Այդ վստահության ջլատելն էր նպատակը»:
Արդյոք նկատի ունի, որ ԱԺ փոխնագահ Ալեն Սիմոնյանը ջո՞ւր է լցնում նախկին իշխանությունների ջրաղացին, «Ազատություն»-ը հետաքրքրվեց Մինասյանից։ Ասաց՝ այդ հարցը ևս պետք է քննի Էթիկայի հանձնաժողովը։
Ինքը՝ Ալեն Սիմոնյանը, համարում է, որ Լարիսա Մինասյանը չի կարող որոշել, թե ինչ թեմայով լսումներ անի Էթիկայի հանձնաժողովը։ «Պատասխանատու ենք միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առջև՝ նրանք են որոշելու, թե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ինչի մասին քննարկում անեն և ինչ օրակարգով քաղաքական հանդես գան: Այս մտքի հետ պետք է մերվեն, և մեծ տառերով թող գրեն իրենց բոլոր գրասենյակների պատերին», - ընդգծեց խորհրդարանի փոխխոսնակը:
Ազգային ժողովն այժմ արձակուրդում է և սեպտեմբերին կվերադառնա աշխատանքի: Մինչ այդ, Լարիսա Մինասյանը զարմանք է հայտնում՝ ինչպե՞ս ստացվեց, որ իր կողմից ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին ուղղված նամակը հանրայնացվեց ու հայտնվեց լրատվամիջոցների էջերին։
«Դրա հրապարակմանը ես մասնակից չեմ, հրապարակվում է Ազգային ժողովից, ապա դա ինձ համար մտահոգիչ է, լուրջ մտահոգիչ է՝ թե՛ էթիկայի, թե՛ անվտանգության տեսակետից», - հայտարարեց «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան»-ի տնօրենը: