Անկարան պատասխան հարված կտա Հունաստանի կողմից թուրքական նավերի վրա ցանկացած հարձակման, հայտարարել է նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ մեկնաբանելով Միջերկրականի արևմտյան մասում սկիզբ առած լարվածությունը։
«Երեկ նման սադրանք է եղել, մենք համարժեք պատասխան ենք տվել, ինչից հետո նրանք ետ են քաշվել։ Եթե նման բան կրկնվի, Թուրքիան վերստին դիմակայություն ցույց կտա։ Մենք որևէ սադրանք անպատասխան չենք թողնի», - ասել է Էրդողանը ուրբաթօրյա աղոթքից հետո։
ՆԱՏՕ-ի անդամ երկու երկրների հարաբերությունները կրկին սրվել են Միջերկրականի մի շարք հատվածների պատկանելիության շուրջ տարաձայնությունների պատճառով։ Շաբաթասկզբին Թուրքիան լայնածավալ զորավարժություններ էր անցկացրել այս շրջանում, ինչին ի պատասխան Հունաստանը Ֆրանսիայի հետ համատեղ զորախաղեր էր սկսել Կրետե կղզում։