Մատչելիության հղումներ

Իսրայելն ու Էմիրությունները պայմանավորվել են բարելավել հարաբերությունները


Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հայտարարում է, որ ԱՄԷ-ն և Իսրայելը համաձայնության են եկել, 13-ը օգոստոսի, 2020թ.
Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հայտարարում է, որ ԱՄԷ-ն և Իսրայելը համաձայնության են եկել, 13-ը օգոստոսի, 2020թ.

Պատմական շրջադարձ՝ Իսրայելն ու Արաբական Միացյալ Էմիրությունները Դոնալդ Թրամփի միջնորդությամբ պայմանավորվել են բարելավել հարաբերությունները։ Այս մասին համատեղ հայտարարություն են տարածել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և Աբու Դաբիի թագաժառանգ արքայազն Մոհամեդ Ալ Նահյանը։ Կողմերը հույս են հայտնում, որ «Պատմական այդ շրջադարձը կնպաստի Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատմանը»։

Ակնկալվում է, որ համաձայնագիրը կողմերը կստորագրեն առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում Միացյալ Նահանգներում, որից հետո դեսպանատներ կբացեն համապատասխանաբար Իսրայելում և Արաբական Միացյալ Էմիրություներում, կվերսկսի օդային հաղորդակցությունը և առևտուրը երկու երկրների միջև։

Որպես փոխզիջում Իսրայելը պարտավորվել է հրաժարվել Հորդանան գետի արևմտյան ափի զգալի հատվածը բռնակցելու ծրագրերից։ Նեթանյահուի վարչակազմը այդ հավակնությունները պատրաստվում էր կյանքի կոչել արդեն այս տարվա ընթացքում։ Նախօրեին հատուկ տեսաուղերձում Բենյամին Նեթանյահուն ընդգծել է՝ Իսրայելը չի հրաժարվում Հորդանանի Արևմտյան ափից, այլ ընդամենը հետաձգում է այդ պլանները:

Կողմերի բնորոշմամբ պատմական այդ գործարքի գաղափարը կյանքի է կոչվել վերջին վեց շաբաթվա ընթացքում, այս մասին հայտարարել է Սպիտակ տան ղեկավարի ավագ խորհրդական Ջարեդ Քուշները, ով հեղինակել է Թրամփի վարչակազմի՝ Մերձավորարևելյան կարգավորման ծրագիրը, որի առաջին փուլի հիմքում Գազայի հատվածի և Հորդանանի արևմտյան ափի տնտեսական զարգացումն է՝ առանց քաղաքական խնդիրների լուծման:

ՄԱԿ-ը ողջունել է Վաշինգտոնի միջնորդությամբ ձեռք բերված համաձայնագիրը։ Անտոնիո Գուտյերեշը հույս է հայտնել, որ այն հնարավորություն կստեղծի Իսրայելի և Պաղեստինի առաջնորդների համար վերսկսել կառուցողական բանակցությունները, որոնք կհանգեցնեն երկու պետության ստեղծման մասին որոշման իրականացմանը:

Պաղեստինը մինչդեռ հակադարձում է՝ դավաճանություն հայտարարել է երկրի դիվանագիտական գերատեսչությունը՝ մեկնաբանելով «գաղտնի բանակցությունների» արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունը։ Պաղեստինը հիշեցրել է, որ Աբու Դաբին Իրավունք չուներ բանակցելու մի հարցի շուրջ, որը Պաղեստինա-իսրայելական հակամարտության առանցքային կետերից մեկն է՝ տվյալ դեպքում Հորդանան գետի արևմտյան ափի խնդիրը։ Ի նշան բողոքի Պաղեստինը ետ է կանչել Արաբական Միացյալ Էմիրություններում իր դեսպանին։ Պաղեստինի իշխանությունները նաև խզել էին բոլոր հարաբերությունները Թրամփի վարչակազմի հետ այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգների նախագահը Երուսաղեմը ճանաչել էր որպես Իսրայելի մայրաքաղաք: Իսրայելի հետ հակամարտող երկիրը հրաժարվում է Թրամփի վարչակազմի հետ որևէ քաղաքական գործարքից՝ պնդելով, որ ամերիկյան ներկայիս իշխանությունները որդեգրել են բացառապես իսրայելամետ դիրքորոշում։

Տարածաշրջանի մյուս երկրներից Իրանը ևս դատապարտել է Աբու Դաբիի՝ Իսրայելի հետ մերձեցման փորձերը անվանելով ռազմավարական սխալ, որն էլ ավելի կուժեղացնի Իսրայելի հակազդեցությունը տարածաշրջանում։ Այս մասին ասվում է Իրանի արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ:

«Թե՛ պատմությունը, և թե՛ տարածաշրջանի ժողովուրդները չեն մոռանա և երբեք չեն ների Արաբական Միացյալ էմիրությունների կեղծավոր պահվածքը, որ դավաճանել է պաղեստինցիներին», - իր հերթին հայտարարել է պաշտոնական Անկարան՝ չբացառելով այդ երկրից թուրք դեսպանի ետկանչը:

Մինչ օրս Իսրայելը դիվանագիտական հարաբերություններ չունի Պարսից ծոցի արաբական միապետությունների հետ, որոշ երկրների հետ հաստատված են միայն ոչ պաշտոնական դիվանագիտական խողովակներ։

1948 թվականին անկախություն հռչակելուց ի վեր և արաբական երկրների հետ դրան հաջորդած մի շարք ռազմական հակամարտություններից հետո սա երրորդ արաբ-իսրայելական խաղաղ համաձայնագիրն է: Եգիպտոսի հետ Իսրայելը հաշտության համաձայնագիր էր կնքել 1979 թվականին, Հորդանանի հետ՝ 1994 թվականին:

XS
SM
MD
LG