Մատչելիության հղումներ

Լոռու մարզի 23 համայնքներում վաղաժամ դադարեցվել են ավագանու 28 անդամների լիազորությունները


Լոռու մարզի 56 համայնքներից 32-ում ավագանու անդամների մի մասը չեն մասնակցում նիստերին։

Լոռու մարզպետարանն ուսումնասիրել է ավագանու անդամների մասնակցությունն անցած տարվա նիստերին ու պարզել, որ ընտրողների քվեներով լիազորված 58 անդամներ նիստերի առնվազն կեսին չեն հաճախել։ Նրանցից շատերն անգամ որևէ նիստի ներկա չեն եղել։

Ուսումնասիրությունից հետո` դեռ գարնանը, Լոռու մարզպետը մարզպետը 32 համայնքների ղեկավարներին առաջարկել էր մշտական բացակաների լիազորությունները վաղաժամ դադարեցնելու հարցը ներկայացնել ավագանու քննարկմանը։

Այս առաջարկին համայնքներում տարբեր կերպ են արձագանքել, «Ազատությանն» ասաց մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը։ 23 համայնքներում ավագանու 28 անդամի լիազորությունը վաղաժամ դադարեցվել է, մյուս դեպքերում ավագանին հարգելի է համարել իրենց գործընկերների բացակայությունն ու դեմ քվեարկել նրանց լիազորությունների դադարեցմանը։

Գայանե Մարկոսյանն ասում է՝ եթե դադարեցվեին ավագանու պարտականությունները չկատարող բոլոր անդամների լիազորությունները, ապա շատ համայնքներում արդեն առաջիկայում նոր ընտրություններ տեղի կունենային: Բայց համայնքները հապաղում են, քանի որ, ըստ նրա, ավագանու պասիվությունը ձեռնտու է առաջին հերթին համայնքների ղեկավարներին. – «Որովհետև այսօր գործող ավագանու անդամների մի զգալի մասը, գոնե համայնքների մեծ մասում ավագանին համայնքապետի առաջարկների վավերացնողն է և համայնքապետի այսպես ասած կցորդը, այն դեպքում, երբ որ պետք է լիներ հակակշիռը, պետք է լիներ հակազդող ուժ: Եվ դրա վառ օրինակը համատարած կողմ քվեարկություններն են»:

Իսկ թե ինչու ավագանու անդամները չեն մասնակցում նիստերին, մարզպետի տեղակալն ասում է՝ ուսումնասիրել, վերլուծել ու հանգել են երկու եզրակացության. – «Առաջին տարբերակը, որ դիտարկում ենք, դա այն է, որ այդ ավագանու անդամները իրենց տեղում հայտնվել են ինչ-ինչ պատճառներով, ինչ-ինչ շահերից ելնելով, և մեծ հաշվով, այդ մասին հետաքրքիչ չեն ավագանու նիստերը որպես այդպիսին: Երկրորդ կետը, որ դիտարկում ենք, դա այն է, որ այնուամենայնիվ ունենք ավագանու անդամներ, ովքեր չեն կարողանում աշխատել ներկայիս համայնքապետերի հետ, ում համար ընկակելի չի այսօրվա այդ համայնքապետերի աշխատելաոճը»:

Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքում ավագանու 9 անդամներից 6-ի լիազորությունները դադարեցնելուց հետո ավագանին լուծարվել է։ Հրաժարականի դիմումով ավագանու անդամությունը դադարեցրած Մերուժան Խեչոյանն ասում է՝ Թումանյանում ավագանու գործունեությունն անօգուտ էր։ Ընտրողների քվե ստացած անդամներն իրենց պարտավորված չէին զգում լիազորությունների կատարման հարցում. – «Պատկերացրեք իրավիճակ, երբ որ շատ լուրջ խնդիր կա, բայց քվորում չի ապահովվում, երբ որ պետք ա զանգես ավագանու անդամին, խնդրես, որ ինքը գա, որ քվորում ապահովի: Դե դա աշխատանքի չի: Ես գտա, որ իմ հրաժարականով եթե, օրինակի համար, էն իրավիճակը ստեղծվի, որ նոր ընտրություններ տեղի ունենա և նոր ավագանի ընտրվի, երևի ավելի արդյունավետ կաշխատի, քան թե գործող ավագանին»:

Ընդ որում, Մերուժան Խեչոյանն իրենց ընտրողների ձայներով ստացած պարտականություններին մատների արանքով նայող ավագանու անդամներին չի մեղադրում։ Ասում է՝ օրենսդրությունը նրանց դա թույլ է տալիս. – «Էդ մարդը մեղավոր չի: Իրան ասում են` դու կարաս ընտրվես, ինքը ընտրվում ա: Այսինքն` ինչ-որ սահմանափակում չկա դրած, ինչ-որ պահանջ չկա դրած: Այսինքն` ես կուզեմ կգնամ նիստի... ես ոչ մեկի առաջ հաշվետու չեմ»:

Ավագանի չունեցող Թումանյանում աշնանը նոր ընտրություններ տեղի կունենան՝ արդեն համամասնական ընտրակարգով։ Հաջորդ տարի, երբ լրանա համայնքի գործող ղեկավարի պաշտոնավարման ժամկետը, ավագանին արդեն կընտրի համայնքի ղեկավար, ինչպես 2016 թվականին տեղի ունեցավ Գյումրի և Վանաձոր քաղաքներում։ Ավելի վաղ նույն ընտրակարգով Երևանում էր քաղաքապետ ընտրվել։

Թումանյանցի Մերուժան Խեչոյանը կարծում է՝ համամասնական ընտրակարգով ընտրված ավագանին գոնե հաշվետու կլինի իր կուսակցության առաջ, բայց շեշտում է նաև, որ հատկապես գյուղական համայնքներում իրավիճակը չի փոխվի, քանի դեռ ավագանու ընտրված անդամները համայնքապետին դեմ գնալու խիզախություն չունեն. – «Իշխանավորի հանդեպ էդ բնածին վախ կա երևի` գենետիկորեն էկած, որը մարդը վախում ա դեմ քվեարկի: Օրենքով եթե նայենք, համայնքային ավագանին էնքան լիազորություններ ունի, որ համայնքային ավագանին իրավունք չունի կախման մեջ գտնվի կամ վախենա համայնքի ղեկավարից»:

Վանաձորի ավագանու 33 անդամներից 5-ը 2019-ին գրեթե բոլոր նիստերին բացակայել են։ Դեռ այս տարվա մարտին համայնքի ղեկավարը մարզպետին հավաստիացրել է, որ ավագանու քննարկմանը կներկայացնի նրանց բացակայությունների հարցը, բայց մինչ օրս այդ քննարկումը չի կայացել։ Հերթական գրությամբ համայնքապետը տեղեկացրել է, որ ավագանին ժամանակ է տվել 5 անդամներին իրենց բացակայությունների մասին բացատրություններ տալու համար։ Հարցը կքննարկեն արդեն աշնանն սկսվող նստաշրջանին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG