Մատչելիության հղումներ

Ռուբեն Բաբայան․ Ամենախուլ գյուղում ապրող Հայաստանի քաղաքացին պետք է զգա իրեն աշխարհի կենտրոնում


Համավարակային իրականությունը երկար ժամանակ կտրեց արվեստագետներին և արվեստասերներին թատրոնից, համերգասրահներից, թանգարաններից և այլ մշակութային հաստատություններից, որոնց դռները բոլորին հասկանալի պատճառներով փակ են ամիսներ շարունակ:

Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը «Ազատության» հետ զրույցում փոխանցեց, որ իրենք՝ արվեստագետները, անհամբեր սպասում են, որ վաղը պարետատունը փոքր-ինչ կմեղմացնի մշակութային հաստատությունների գործունեության հետ կապված սահանափակումները: Գոնե թատերախմբերը բացօթյա ներկայացումների հնարավորություն կունենան:

Ռուբեն Բաբայան. – Մենք դրան էլ ենք պատրաստ. մեր բալկոնում խաղալու ներկայացումներ` պահպանելով բոլոր անհրաժեշտ պայմանները: Բայց թատրոնը նաև իր բեմադրական աշխատանքներով է զբաղված. տիկնիկներ է պատրաստում, դեկորներ նոր ներկայացման համար, փորձեր են արվում, օնլայն հարթակում բազմաթիվ ծրագրեր ենք իրականացրել:

«Ազատություն». – Վերջերս գնացիք Տավուշ:

Բաբայան. – Չորս օր առաջ վերադարձանք Տավուշից: Հենց այն գյուղերում խաղացինք` Արծվաբերդ և Տավուշ, որոնք գնդակոծվել են: Գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարարության ծրագիրն էր, ոը փաստորեն մենք բացեցինք: Դա շարունակական է լինելու: Պետք է ասեմ, որ շատ տպավորված էինք հյուրախաղերից, առաջին հերթին` բնակչության տրամադրությունից, երեխաների ուրախությունից: Երբ որ դու տեսնում ես այդ ռմբակոծված գյուղերում այդպիսի կյանքի կարոտ և ցանկություն ապրել այդ հողի վրա, ապրել լիակատար կյանքով, դա պարզապես հիացնում է քեզ: Ասեմ, որ սա ունենալու է շարունակություն: Արդեն գտնվեց բարեգործական կազմակերպություն, որը ևս մի տասը օր հետո կազմակերպում է մեր հյուրախաղերը այս անգամ Նոյեմբերյանում ու Բերդավանում: Մի խոսքով, կյանքը շարունակվում է, և բոլոր պայմաններում քեֆ անողի քեֆի չի պակսի:

«Ազատություն». – Թատերախմբի հետ էին նաև ուրիշ արվեստագետներ:

Բաբայան. – Այո, եկել էր Արմեն Բաբախանյանը` հրաշալի խմբով երիտասարդ երաժիշտների, որոնք դասական երաժշտություն էին նվագում: Տեսնեիք, թե ինչպես էին լսում երեխաները այդ դասական երաժշտությունը: Մենք երկար տարիներ ունենք որոշակի վերաբերմունք մեր մարզերի հանդեպ, որ այնտեղ կարելի միայն ցածրորակ երաժշտություն մատուցել` ռաբիս և այլն: Դուք տեսնեիք, թե ինչպես էին երեխաները լսում այդ դասական երաժշտությունը. քառասուն րոպե հրաշալի կատարումներ: Նաև եկել էր մեր հետ Վաչե Շարաֆյանը, կոմպոզիտոր Դավիթ Հակոբյանը:

«Ազատություն». – Ամենակարևոր բանը, որ ձեզ հետ բերեցիք ո՞րն է:

Բաբայան. – Սրա մասին միշտ ասել եմ` երկիրը կառուցվում է սահմաններից, ոչ թե մայրաքաղաքից: Էստեղ շատ կարևոր է, որ Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացի, մանավանդ երեխա, որևէ բանով չզգա, որ ինքը անտեսված է: Ամենախուլ գյուղում ապրող Հայաստանի քաղաքացին պետք է զգա իրեն աշխարհի կենտրոնում: Սա արդեն մեզնից է գալիս. մենք պետք է կարողանանք կարողանանք մշակույթը տանել այնտեղ: Մենք կարող ենք այնպես անել, որ ամսական 3-4 անգամ տարբեր խմբեր գնան մարզեր և ցույց տան իսկապես բարձրակարգ ներկայացումներ:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք լսել այստեղ․

Ուղիղ հղում


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG