Մատչելիության հղումներ

Սկսվել են Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի հանրային քննարկումները


Ազգային ժողովի ընտրական բարեփոխումների աշխատանքային խումբը առցանց ձևաչափով սկսել է «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի հանրային քննարկումները, որոնք ընդհատվել էին համավարակի պատճառով։

Աշխատանքային խմբի համակարգող իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը «Ազատությանը» փոխանցեց՝ նախագիծը ամենայն հավանականությամբ լիագումար նիստերի օրակարգ կբերվի գարնանային նստաշրջանին։ Փաթեթի համար հիմք կհանդիսանա 2018 թվականի հոկտեմբերի 1-ին ընդունված Ընտրական օրենսդրության բարեփոխումների հայեցակարգը և դրա հիման վրա ներկայացված Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, որն այն ժամանակ չընդունեցին խորհրդարանում դեռևս մեծամասնություն կազմող հանրապետականները որոշ դաշնակցական պատգամավորների հետ միասին։ Դեռ մի քանի նման քննարկումներ կլինեն, առանձին թեմաներով։ Առաջին հանդիպում-քննարկման հիմնական թեման եղել է նախընտրական քարոզարշավը և դրա ֆինանսավորումը։

«Հիմնական ուղղությունը վերաբերում է քարոզարշավի տևողությանը, քարոզարշավի ընթացքում լրատվամիջոցների կարգավորման, կուսակցություններին ավելի հավասար հնարավորություններ ստեղծելու, որպեսզի իրենց դիրքորոշումները և մոտեցումները ներկայացնեն, քարոզարշավի հետ կապված ծախսերի շրջանակի և դրանց նկատմամբ վերահսկողությունը ավելի լավը դարձնելու մեխանիզմներին», - ասաց Դանիելյանը:

Աշխատանքային խմբում ներգրավված են խորհրդարանի երեք խմբակցությունների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և Արդարադատության նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաև տարբեր հասարակական կազմակերպությունների անդամներ։ Համազասպ Դանիելյանն ասում է՝ օնլայն քննարկումները ավելի մեծ թվով քաղաքացիների են մասնակցության հնարավորություն տալիս, օգոստոսի 11-ի քննարկման մասնակիցների թիվը շուրջ 4 տասնյակ է եղել։

Աշխատանքային խումբը փոփոխություններ է առաջարկելու նաև կուսակցությունների մասին օրենքում, այս նախագիծը հույս ունեն ավարտական տեսքի բերել աշնանային նստաշրջանում։

«Էդ փոփոխություններով մենք բոլոր նախադրյալներն ենք ստեղծելու, որ կուսակցությունները դառնան ավելի թափանցիկ, կուսակցությունները դառնան առանձին բիզնեսներից պակաս կախված, որովհետև օրինակ՝ նաև նախատեսում ենք ֆինանսավորման կարգավորումները փոխել և ըստ էության արգելել ենք իրավաբանական անձանց կողմից նվիրատվությունների կատարումը», - ընդգծեց Համազասպ Դանիելյանը:

Այս նախագծի նախնական տարբերակը արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով կարծիքի համար և այժմ ստացած առաջարկների վրա են աշխատում։ Նախագծով կուսակցությունների պատշաճ հայտարարագրման և այլ գործընթացների համար որպես վերահսկող մարմին է սահմանվում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG