Մատչելիության հղումներ

Չարենցի տուն-թանգարանի նորանշանակ տնօրեն․ Շատ մեծ պարտավորվածություն եմ զգում


Եղիշե Չարենցի տուն-թանգարանը նոր ղեկավար ունի: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Ժաննա Մանուկյան նշանակվել է տուն–թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ հետագայում, իհարկե, տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարվելիք մրցույթին մասնակցելու մտադրությամբ:

Թանգարանի առաջիկա գործունեության հետ կապված ի՞նչ ծրագրեր, նախագծեր և նպատակներ ունի Ժաննա Մանուկյանը: Մինչ մեր այս հարցին անդրադառնալը, «Ազատությանը» տված հարցազրույցի ընթացքում Չարենցի տուն-թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը նախևառաջ շեշտեց, որ մեծ պատասխանատվությամբ է ստանձնել այս աշխատանքը:

Ժաննա Մանուկյան. – Դեռ մեկ շաբաթ է, ինչ նշանակվել եմ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, և այս ընթացքում ծանոթացա թանգարանի խնդիրներին, արված աշխատանքներին, որոնք արվել են տարիների ընթացքում, այն ծրագրերին, որոնք որ նախատեսվում են, որ պետք է այս տարվա ընթացքում ևս իրականանային, և հետագայում: Քանի որ 2022 թվականին պետք է նշվի Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակը, այս տարվանից թանգարանը աշխատել է: Այդ անելիքներին ևս ծանոթացա, և հիմա, քանի որ այս պահին դեռ թանգարանը բաց չէ այցելության համար, աշխատում ենք միայն թանգարանի գիտական մասով:

«Ազատություն». – Բնականաբար, բոլոր թանգարաններն էլ խնդիրներ ունեն...

Մանուկյան. – Կան խնդիրներ: Եվ բազմիցս նախկինում բարձրաձայնվել են, այս պահին էլ դրանք դեռևս արդիական են` անվտանգության համակարգի խնդիրն է, օդափոխության խնդիրն է, որը առաջնային կարևորություն ունի մեր ժառանգության պահպանման համար: Դրանք այս պահի դրությամբ այն մեծ մարտահրավերներն են, որոնց առջև թանգարանը կանգնած է: Թանգարանում չկա գազաֆիկացում, ամբողջությամբ էլեկտրաէներգիայով է ջեռուցվում: Շատ ավելի խորքային խնդիրներ են, որոնք կարիք ունեն հրատապ լուծման:

«Ազատություն». – Արդյո՞ք ունեք արդեն ծրագրեր, թե Չարենցի ծննդայն 125-ամյակի կապակցության ինչ պիտի հրատարակվի:

Մանուկյան. – Այս պահին խոսելով թանգարանի գիտական անձնակազմի հետ, նրանք ինձ ներկայացրել են այն ծրագրերը, որոնք որ իրենք նախատեսել են: Մի քանի գրքեր արդեն հրատարակվել են, մի քանիսն էլ արդեն աշխատանքային փուլում են` Չարենցի անձնական գրադարանի մատենագիտությունը և շատ այլ աշխատանքներ: Նաև այս պահին իմ կողմից առաջարկվող ծրագրերը մշակման փուլում են:

«Ազատություն». – Յուրաքանչյուր տուն-թանգարան իր յուրահատկությունն ունի: Ինչո՞վ կառանձնացնեինք Չարենցի տուն-թանգարանը:

Մանուկյան. – Չարենց հանճարի անունը կրող թանգարանը շատ պարտավորեցնող է, և բնական է, մեր ժողովրդի մեծանուն բանաստեղծի թանգարանը ղեկավարելը... շատ մեծ պարտավորվածություն եմ զգում: Այն հույզերը, որոնք որ կան, մեծ են, պարտավորեցնող:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG