Մատչելիության հղումներ

Հայաստանն առաջին թռիչքով օգոստոսի 8-ին 12 տոննա հումանիտար աջակցություն կուղարկի Լիբանան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը՝ Հայաստանի կառավարության կողմից Լիբանանի կառավարությանն օժանդակություն ցուցաբերելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ:

Ինչպես հայտնում են վարչապետի աշխատակազմից, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը զեկուցել է, որ առաջին թռիչքը պլանավորված է շաբաթ օրը երեկոյան՝ ժամը 21:00-ին, որի հիմնական նպատակն է լինելու առաջին հերթին դեղորայքային աջակցություն ցուցաբերելը: «Հաջորդ թռիչքը նախատեսվում է իրականացնել օգոստոսի 11-ին, ևս մեկ թռիչք կիրականացվի կրկին հաջորդ շաբաթվա ընթացքում: Ներկայումս ընթանում է ապրանքների հավաքագրման գործընթացը: Կարծում ենք՝ առաջին թռիչքով ունենալու ենք մինչև 12 տոննա բեռ, որը պետք է տեղափոխվի Լիբանան»,- նշել է Տիգրան Ավինյանը:

Լիբանան են այցելելու ՀՀ կառավարության, Ազգային ժողովի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչները, որպեսզի տեղում ծանոթանան իրավիճակին, ինչպես նաև Լիբանանի կառավարության և տեղի հայ համայնքի հետ հանդիպումների արդյունքում հստակեցնեն, թե այլ ինչ միջոցների կարիք կա ինչպես Լիբանանի կառավարությանը, այնպես էլ տեղի հայ համայնքին աջակցելու համար:

Բեյրութի հզոր պայթյունի հետևանքով մահացածների ու տուժածների ընտանիքներին երեկ վարչապետը կառավարության նիստին սփոփանքի ու զորակցության խոսքեր ուղղեց` շեշտելով, որ Հայաստանն անտարբեր չի կարող մնալ Լիբանանի եղբայրական ժողովրդի ու հայկական համայնքի կարիքների նկատմամբ. – «Հայաստանի Հանրապետությունն օգնություն ցուցաբերելու իր պատրաստակամությունն է հայտնել՝ այդ քաղաքին պատուհասած ողբերգության հետևանքները հաղթահարելու գործում: Մենք ուժերի ներածին չափով աջակցություն ենք ցուցաբերելու Լիբանանի կառավարությանը և տեղի հայ համայնքին»:

Բեյրութում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 137-ի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG