«Հունաստանը պատրաստ է նախնական բանակցություններ սկսել Թուրքիայի հետ՝ ծովային սահմանների հստակեցման շուրջ», - այսօր Աթենքում հայտարարել է Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստելիոս Պեցասը։
«Մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ դիվանագիտական զոնդաժ իրականացնել։ Այդ նպատակով արդեն իսկ հատուկ խումբ է ձևավորվել, որի ղեկավարը Հունաստանի հատուկ ծառայությունների նախկին ղեկավար Պավլոս Ապոստոլիդեսն է», - հայտարարել է հունական կառավարության խոսնակը։
Պեցասի խոսքով` «Աթենքը պատրաստ է Անկարայի հետ բանակցություններ սկսել արդեն այս ամիս»։
Հունաստանի և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ սրվեցին նախորդ տարեվերջին, այն բանից հետո, երբ Անկարան ծովային սահմանների հստակեցման շուրջ համաձայնագիր ստորագրեց Լիբիայի միջազգայնորեն ճանաչված կառավարության հետ։ Դրանով Միջերկրական ծովի արևելյան հատվածում գտնվող հունական կղզիների մեծ մասը զրկվում էր բացառիկ տնտեսական գոտիներից, հետևաբար նաև դրանցում գտնվող բնական պաշարների արդյունահանման իրավունքից։