Հրետակոծությունից տուժած Տավուշի սահմանամերձ գյուղերին կհատկացվի ևս մոտ 277 միլիոն դրամ։ Նախնական հաշվարկով՝ նախորդ ամսվա սահմանային լարվածության հետևանքով տուժած գյուղերին անհրաժեշտ է առնվազն 302 միլիոն դրամի օգնություն։
Գործադիրի այսօրվա նիստի ընթացքում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հիշեցրեց, որ մինչ այդ էլ պետությունը 25 միլիոն դրամ էր տրամադրել։ Շինարարությունն արդեն մեկնարկել է. - «110 միլիոն 581 հազար դրամն ուղղվելու է Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր և Չինարի սահմանամերձ համայնքների բնակիչների վնասված անշարժ գույքի փոխհատուցմանը, 84 միլիոն 357 հազար դրամը` Այգեպարի, Մովսեսի, Ներքին Կարմիրաղբյուրի և Չինարիի դպրոցների հիմնանորոգմանը և ապաստարանների նորոգմանը: Հավելեմ, որ նշյալ դպրոցները հրետանակոծությունից չեն վնասվել, և 82 միլիոն 680 հազար դրամը` Ներքին Կարմիրաղբյուր համայնքում պուրակի կառուցման և Չինարիում բնակելի տան, օժանդակ շինությունների կառուցման և տարածքի բարեկարգման համար»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց. - «Ներքին Կարմիրաղբյուր գյուղում պուրակ կհիմնենք ավերված տներից մեկի տեղում, որովհետև այդտեղ մարդ չի ապրում, մենք կգնենք այդ տարածքը սեփականատիրոջից և կնվիրենք գյուղին»:
Կառավարության համար որոշումը կարևոր է. վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց՝ ավելի վաղ գործադիրը խոստացել էր՝ աջակցելու է սահմանապահ համայնքներին։ Փաշինյանի խոսքով՝ որոշակի ազդակներ կան, որ ռազմական գործողությունների հետևանքով տուժած գյուղերում շինարարությունը բավարար արագությամբ չի ընթանում։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտնեց՝ երկու օր առաջ է եղել հրետակոծությունից տուժած սահմանամերձ գյուղերում, ծանոթացել է ընթացող աշխատանքներին: Նախարարի գնահատմամբ` դրանք բավարար արագությամբ էին ընթանում. - «Իմ կողմից նաև հանձնարարական է եղել նոր ֆիզիկական ուժ ներգրավել, նոր շինարարական ներուժ ներգրավել»:
Վարչապետը նիստի ընթացքում ընդգծեց՝ կառավարության խնդիրն է՝ շինարարական աշխատանքերը պետք է արվեն հնարավորինս արագ ու որակով. - «Վերջում գալիս է սովորաբար այն, որ ավելի լավ է այդքան չխորանալ, պեմզաբլոկով հանգիստ դնել, արագ փակել, տոլը փռել, դա մեկ ա ամենաէժան ու արդյունավետ տարբերակն է: Մենք պետք է դադարեցնենք այս մոտեցումը, մի քառակուսի մետրի վրա ինչ որ անում ենք, այդ պուրակը և այդ տունը նոր Հայաստանն է, այդքան որ ասում ենք նոր Հայաստան, նոր Հայաստան»:
Նիկոլ Փաշինյանը հայտնեց, թե շինարարական աշխատանքներում նաև օտարազգիներ են ներգրավված՝ այդ իրավիճակը տարօրինակ համարելով։ Նկատեց՝ դեռ առկա է այն խնդիրը, երբ մի կողմից երկրում գործազրկություն կա, մյուս կողմից էլ՝ աշխատուժի պահանջ։ Շինարարությունն իրականացնող ընկերության ներկայացուցիչն, ըստ վարչապետի, հայտնել է, որ օրը 8-ից 10-ը հազար դրամով վարձատրություն կարող են ապահովել, սակայն աշխատակիցներ չեն գտնում։