Վարչապետի որոշմամբ ստեղծվել է ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների մահվան քրեական գործերն ուսումնասիրող աշխատանքային խումբ, որի նպատակը տարբեր տարիներին մահացած 8 զինվորների քրգործերով պատասխանատու անձանց թույլ տված ենթադրյալ խախտումներն ու չարաշահումները վերհանելն է։
Մահացած զինծառայողների մայրերը տարիներ շարունակ բողոքի ցույցերով արդարություն են պահանջում իշխանություններից։
Առաջինը կուսումնասիրվի Գոհար Սարգսյանի որդու մահվան գործը։ Տիգրան Օհանջանյանը մահացել է 13 տարի առաջ։ Նախնական վարկածը էլեկտրահարումն էր։ Սգավոր մայրը պնդում է՝ որդու մարմնի վնասվածքները ծեծելով սպանելու մասին են վկայում։ Սարգսյանը ձևավորված աշխատանքային խմբի սպասելիքների մասին խոսելը դեռ վաղ են համարում. – «Քրեական գործը պետք է ուսումնասիրվի և բոլորի համար` թե՛ հանձնաժողովի համար, թե' Կառավարության ղեկավարի` պարոն Փաշինյանի համար պարզ լինի, թե ինչ է կատարվել քրեական գործում, և ինչպես է 13 տարի կեղծվել իրեղեն ապացույցները, իհարկե` դատախազի ասելով։ Կեղծվել են իրեղեն ապացույցները, ոչնչացվել են... 13 տարի չի փակվում քրեական գործը»:
Որդեկորույս մայրերից Իրինա Ղազարյանը, ում որդին՝ Արթուր Ղազարյանը, ըստ պաշտոնական վարկածի, մահացել է գլուխեղի քաղցկեղից, ուղղորդում է, թե որտեղից է պետք սկսել ապացույցների որոնումը. – «Որ ասում են փաստաթղթերը վերացել է, ոչ մի փաստաթուղթ չի վերացել: Եթե դիմեն ռազմական ոստիկանության, բոլորի փաստերով, հետքերով գնում ա, որ հենց առաջին փուլը, որ դեպքը լինում ա դիրքերում, ռազմականն ա գնում: Էսօր Նիկոլ Փաշինյանը, հա, ստեղծում ա հանձնաժողով, ապրի, որ ստեղծում ա, բայց արդյո՞ք էն նախկինները, որ էնտեղ նստած են, թույլ կտան, որ արդար քննություն անեն»։
Քրեական գործերն ուսումնասիրող խումբը կազմված է վեց անդամից՝ տուժողների իրավահաջորդների և վարչապետի ներկայացուցիչներից․ փաստաբաններ Դավիթ Գյուրջյանը, Արայիկ Պապիկյանը, Զարուհի Մեջլումյանը, վարչապետի օգնական Աննա Վարդապետյանը, վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության մասնագետ Լալա Բեգոյանը և Արդարադատության ակադեմիայի գիտահետազոտական և ծրագրամեթոդական աշխատանքների կազմակերպման բաժնի ղեկավար Պետիկ Մկրտչյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ հունիսի 18-ին որդեկորույս ծնողների հետ հանդիպմանն ասել էր, որ աշխատանքային խմբին պետք է հնարավորություն տրվի օբյեկտիվ գործելու՝ անկախ նրանից, թե որ կողմին է ներկայացնում. – «Եթե էսպես չլինի, ես մտածում եմ մեր ամենամեծ հնարավոր ռիսկերից մեկը որն է... օրինակ, եթե ինձ ներկայացնող մարդիկ որոշեն, որ իրանք պետք ա նախաքննության վարկածը պաշտպանեն մինչև վերջ` անկախ փաստերից, և ծնողներին ներկայացնող մարդիկ որոշեն, որ իրանք չէ` անկախ փաստերից ծնողների առաջ քաշած վարկածը պաշտպանեն։ Սա մենք պրոբլեմը ոչ միայն չենք լուծի, այլ կխորացնենք: Արդյունքում կստացվի, որ մենք էսքան աշխատացեինք ու արդյունքի չհասանք: Ես հույս ունեմ, որ ձեր մեջ կա անբեկանելի համոզմունք, որ ինձ համար ճշմարտությունից ավելի բարձր արժեք էս իրավիճակում գոյություն չունի»։
Վարչապետն ընդգծել էր նաև՝ արդյունքում ինչ պատասխան էլ ստացվի, այն պետք է ի գիտություն ընդունել և առաջնորդվել դրանով։
Նանա Մուրադյանի որդին՝ 18-ամյա Վալերիկ Մուրադյանն, ըստ պաշտոնական վարկածի, ինքնասպան է եղել 2010 թվականին Ղարաբաղում պարանով կախվելու եղանակով։ Տարիներ շարունակ այս պետական մարմնից մյուսի դուռը ապարդյուն ծեծած որդեկորույս մայրը պնդում է՝ 3 ամիս ծառայած որդին ինքնասպանություն չի գործել, նրան սպանել են։
Անդրադառնալով վարչապետի հետ հանդիպմանը` Նանա Մուրադյանն ասաց. – «Պարոն Փաշինյանն ասում է՝ ինչ-որ ասեք, պիտի ընդունեք` ինքան էլ դա դժվար լինի։ Մենք կընդունենք, եթե դա լինի ապացույցներով, եթե դա լինի փաստերով: Բայց 10 տարի չեն կարողացել ապացույցներով և փաստերով մեզ ապացուցել»:
Որդեկորույս ծնողները հաստատակամ են՝ պայքարելու են այնքան, մինչև հասնեն ճշմարտության բացահայտմանը և մեղավորները պատասխանատվություն կրեն։