Հերթական արտահո՞սքը, թե՞ ադրբեջանցի հաքերների խորամանկությունը. դեռ հայտնի չէ՝ արդյոք ադրբեջանցի ցանցահենները կարողացե՞լ են ներթափանցել Հայաստանի կառավարության տվյալների համակարգ, թե ոչ։
Մեծածավալ՝ 55 տերաբայթ, պետական տվյալների հնարավոր արտահոսքի մասին երեկ Ֆեյսբուքում գրեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ Փորձագետը լիովին համոզված չէ, որ ադրբեջանցիների ներկայացրածը համապատասխանում է իրականությանը։ Ըստ Մարտիրոսյանի՝ որպես արտահոսքը հաստատող փաստ ադրբեջանցիները միայն այդ տվյալների մի մասի ցանկը պատկերող լուսանկար են հրապարակել։
«Այս դեպքում փաստերը մենք չունենք, և դա կարող է լինել երկու պատճառով՝ առաջինը, որովհետև չկան այդ տվյալները, երկրորդը, որովհետև այդ տվյալները, օրինակ, հանձնվել են Ադրբեջանի անվտանգության ծառայություններին, և, բնականաբար, մենք կարող է մի մասը տեսնենք, մի մասը՝ չէ», - ասաց Մարտիրոսյանը:
Գործադիրից ևս չեն հաստատում, թե ադրբեջանցի հաքերները կառավարությունից մեծ ծավալների տեղեկություն են հափշտակել։ Միայն հաստատում են, որ Ազգային անվտանգության ծառայությունը պարզել է, որ համացանցում շրջանառվում է կառավարության սերվերների ղեկավարման համակարգի աշխատանքային գործընթացը պատկերող համակարգչային էկրանի լուսապատճենը։ Վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանն ընդգծել է, որ դա չի վկայում, թե 55 տերաբայթ ծավալով տեղեկատվություն է կորզվել։ Այնուհանդերձ Գևորգյանը հավելել է, որ ԱԱԾ-ն շարունակում է աշխատանքները նշված լուսապատճենի ծագումը պարզելու և պետական սերվերներ ներթափանցելու մասին տեղեկությունը ստուգելու ուղղությամբ։
Թե ե՞րբ է տեղի ունեցել հնարավոր ներթափանցումը կառավարության սերվերներ, տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ենթադրում է միայն. - «Սովորաբար հաքերները, եթե աշխատող համակարգի մեջ թաքուն նստած են, իրենք չեն հայտնում դրա մասին, բացահայտումն անում են, երբ որ իրենց այնտեղից դուրս են գցում կամ ինչ-որ հարվածում է լինում սիսիտեմի ու իրենք կորցնում են մուտքը: Սա առնվազն 1-2 տարվա վաղեմության պատկեր է: Այսինքն ամենավատ տարբերակը, եթե մտնեն ամբողջ կառավարության սերվերները փոշեկուլով քաշեն-տանեն»:
Փորձագետը հիշեցնում է՝ ավելի վաղ էլ ադրբեջանցիների ձեռքի տակ էին հայտնվել կորոնավիրուսով վարակված ու կոնտակտավոր շուրջ 3 հազար 500 հայաստանցիների անձնական տվյալներն ու վարկային կազմակերպության ենթադրյալ հաճախորդ եղած քաղաքացիների անձնագրերի լուսապատճենները։ Սամվել Մարտիրոսյանը նկատում է՝ մինչև հիմա այդ արտահոսքերի համար որևէ մեկը պատասխանատվություն չի կրել։
«Ես դեպք չեմ հիշում, որ ինչ-որ ասեն՝ այ էս սրա պատճառով էր, նույնիսկ մարդ չէ, գոնե ասեն այսպիսի սիստեմային խնդիր կար, ու հիմա այդ խնդիրը մենք փորձում ենք շտկել: Կյանքում սենց բան ես չեմ լսել: Այսինքն դեպքերը լինում, անցնում-գնում են մինչև հաջորդ դեպքը», - ընդգծեց Սամվել Մարտիրոսյանը:
Տեղեկատվական անվտանգության փորձագետը հատկապես վերջին արտահոսքերից հետո անհրաժեշտություն է համարում կիբերանվտանգության ռազմավարության մշակումն ու առանձին կենտրոնի հիմնումը։