Ամերիկյան CNN հեռուստաընկերության տեղեկություններով` ԱՄՆ Հանրապետական կուսակցության՝ օգոստոսի 21-ին Հյուսիսային Կարոլինայի Շարլոտ քաղաքում մեկնարկող համագումարը փակ է լինելու լրատվամիջոցների համար։
Համագումարի ընթացքում կուսակցությունը պետք է Դոնալդ Թրամփին պաշտոնապես նախագահի թեկնածու առաջադրի։ Այս տեղեկությունները հաստատել են համագումարի մամուլի պատասխանատուները, ինչպես նաև Հանրապետական կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրները՝ ընդգծելով, սակայն, որ կուսակցական առաջադրման քվեարկության ողջ ընթացքը հեռարձակվելու է ուղիղ եթերում։
«Նման սահմանափակումը աննախադեպ է ժամանակակից ամերիկյան պատմության համար, սակայն Հանրապետական կուսակցության ղեկավարները նշում են, որ ստիպված են գնալ նման քայլի՝ հաշվի առնելով Հյուսիսային Կարոլինայի տարածքում սոցիալական հեռավորության պահպանման պահանջը», - նշում է CNN-ը։
Հանրապետական կուսակցության համագումարը տևելու է երեք օր՝ ավարտվելով օգոստոսի 24-ին։